Հասարակություն

Վերջին հրաժեշտը ազգային բարերար Վահագն Հովնանյանին

alisagevorgyan

Սեպտեմբերի 5- ին սփյուռքահայ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի աճյունը կտեղափոխվի Բեյրութ, որտեղ կեսօրին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ հիշատակի պատարագ կմատուցվի բարերարի հիշատակին: Պատարագից հետո Վահագն Հովնանյանի աճյունը հետ կբերվի Հայաստան, քանի որ նրա ցանկություն էր՝ մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել հայրենիքում:

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացել է Վահագն Հովնանյանի քաղաքացիական հոգեհանգիստն ու վերջին հրաժեշտը:

 

Վահագն Հովնանյանը ծնվել էր  1932 թվականին ՝ Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952-ին ավարտել  Բաղդադի  քոլեջն ու ներգաղթել  Միացյալ Նահանգներ: Գործունեության  ավելի քան հինգ  տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերությունները  ԱՄՆ-ում կառուցել են ավելի քանի 5000 տներ և առևտրային  տարածքներ:

Սակայն նա  սոսկ գործարար չէր, ով կարողացել էր բազմաթիվ բնակելի թաղամասեր կառուցել ԱՄՆ–ում և Հայաստանում, այլ անչափ բարի մարդ, ումից կարելի էր սովորել։ Վահագն Հովնանյանից ես սովորեցի սիրել, «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանեց քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մեծ բարերարին ճանաչում էր մանկուց։

«Նրա ժպիտի, արցունքի մեջ անգամ Հայաստան կար: Այո գործարար, մեծ բարերար, բայց նախ և առաջ մեծ հայ, որը որոշեց բնակություն հաստատել Հայասանում՝ իր հետ բերելով նոր մտածողություն և աշխարհայաց»,- ասում է Ր. Հովհաննիսյանը:

1998-ին  Վահագն Հովնանյանը  Հայաստանում հիմնեց իր տեսակի մեջ առաջին և միակ  մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝  նպատակ ունենալով  աշխարհի չորս կողմերում սփռված հայերին համախմբել  Արարատի ներքո: Հայտնի մտավորական,  հանրապետության նախագահի  խորհրդական Արմեն Սմբատյանի խոսքով՝ Հովնանյանն  անում էր ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ծաղկի։

Արվեստագետ Սիլվա Յուզբաշյանի կյանքի երեսուն տարիները, ինչպես ասում է, հարստացել են Վահագն Հովնանյանի հետ մտերմությամբ: Փայլուն հիշողություն ուներ և զարմացնում էր գրականության իր իմացությամբ: «Հաջողակ գործարարներ կամ մեծ բարեգործներ շատ կան, բայց արվեստով այդքան լեցուն , այդքան  հագեցած մարդիկ նրանց մեջ շատ չեն պատահում»,- ասում է արվեստագետը։

«Հոգ մի ըներ, բան մը կըլլա». նրա սիրելի արտահայտությունն էր: Հոգին լի էր հավատով, լավատեսությամբ, իսկ երազանքը՝ ավելի հզոր և բարեկեցիկ Հայաստանն էր։

Back to top button