Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 7- ին

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ Առաջին ալիքն իր հեռուստադիտողներին կշարունակի ներկայացնել կրթական-մշակութային, ժամանցային, հասարակական-ճանաչողական, սոցիալական, հայրենասիրական հաղորդումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, հետաքրքրական վավերագրական ֆիլմաշարեր:

 Մելոմանների համար- Առաջին ալիքն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական, ժամանցային նախագծերից մեկը` «Գուշակիր մեղեդին», որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական-քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Հենց նրանք կմրցեն եւ իրենց երաժշտական գիտելիքները կփոխանցեն Հանրայինի հեռուստադիտողներին:

Նախագիծը եթեր կհեռարձակվի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:25-ին:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու նաեւ հայկական հեռուստաեթերի երկարակյաց եւ սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների համար- Առաջին ալիքի նոր եթերացանցը կազմելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների եւ դպրոցահասակ երեխաների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք առաջին հերթին կունենան կրթական եւ ճանաչողական նշանակություն, ինչպես նաեւ կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնման, ինչպես նաեւ սեփական ձեռքերով որեւէ բան պատրաստելու ձգտման աճին:

«Հայաստանը մենք ենք» մանկական հաղորդումը կվարեն փոքրիկ հաղորդավարներ Լիլիթ Թոխատյանը եւ Արեգ Գալոյանը, ովքեր իրենց հասակակից հեռուստադիտող երեխաներին կծանոթացնեն Հայաստանի, նրա տեսարժան վայրերի եւ իրենց մարզաբնակ հասակակիցների հետ: Յուրաքնաչյուր շաբաթ  հաղորդավարներն այցելելու են Հայաստանի որեւէ մարզ կամ գյուղ, ներկայացնելու են  տվյալ  վայրի գեղեցիկ բնությունն ու պատմամշակութային- ճարտարապետական հետաքրքրիր կոթողները, տվյալ տեղանքի կոլորիտը, համն ու բույրը, ինչպես նաեւ իրենց հասակակիցներին Հաղորդումը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 15:50-ին:

Մյուս մանկական հաղորդումը՝ «Ինչուների մոլորակ»-ը, կօգնի բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Գունեղ, բարի, ուրախ եւ ստեղծագործ մոլորակում հմուտ ձեռքեր ունեցող հաղորդավարներ «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան պատվիրակ Բեթթին եւ Աղասին կպատրաստեն զարմանալի իրեր ու սքանչելի խաղալիքներ, որոնք շատ հարմար են տանը սարքելու համար: Հաղորդման շրջանակներում կցուցադրվի նաեւ «Ֆիքսիկներ» հետաքրքիր եւ զվարճալի մուլտֆիլմը, որը կօգնի դառնալ ավելի բանիմաց:  Ծրագիրը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 15:55-ին:

Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամաբ կներկայացնի նաեւ ‘’Walt Disney’’ ընկերության արտադրության «Ջեյքը եւ Չկաստանի ծովահենները» մուլտսերիալը, ինչպես նաեւ բոլորի կողմից շատ սիրված եւ մեծ ճանաչում ունեցող «Ինչպես վարժեցնել հրեշին», «Քունգ Ֆու Պանդան», «Մադագասկար», «Մադագասկար- փախուստ դեպի Աֆրիկա», «Մադագասկար. Փնտրվում են ողջ Եվրոպայում»,  «Շռեկ», «Հովսեփ. երազների թագավորը»  եւ այլ մոլտֆիլմեր:

 

 

Հետաքրքիր ժամանցի եւ կինոսերների համար- Ֆիլմաշարարի սիրահարների համար Առաջին ալիքը կներկայացնի միանգամից մի քանի նախագծեր: «Ընտանյոք հանդերձ» նոր սիտկոմի իրադարձությունները կծավալվեն երեւանաբնակ Սանայանների ընտանիքի շուրջը: Ընտանիքի միակ տղամարդը` Դավիթը, դեռ ամուսնացած չէ եւ այդ հանգամանքը հանգիստ չի տալիս նրա մայրիկին եւ մորաքրոջը: Հենց այս հիմնական սյուժետային հիմքի վրա էլ կզարգանան իրադարձությունները՝ զուգահեռաբար բացահայտելով եւ ներկայացնելով տարատեսակ ներանձնային հարաբերություններ: Այդ ամենը համեմված կլինի նուրբ հումորով եւ դրական տրամադրությամբ: Սիտկոմում նկարահանվել են սիրված դերասաններ Լեւոն Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իրինա Դանիելյանը, Սամվել Թոփալյանը, Թամարա Գեւորգյանը, այլք: Սիտկոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը:

Իսկ ահա մյուս ֆիլմաշարը՝ «Հատուկ բաժին»-ը, արդեն դետեկտիվի սիրահարների համար է: Այս բազմասերիանոց հեռուստաֆիլմի գործող անձինք ոստիկանության համակարգում ստեղծված Օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն եւ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները: Ֆիլմաշարը պատրաստվում է ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան:

Նոր եթերաշրջանում ֆիլմասեր հեռուստադիտողները Հանրայինի եթերում հնարավորություն կունենան դիտելու ‘’Universal studios’’, ‘’Paramount Pictures’’, ‘’Walt Disney’’, ‘’Metro-Goldwyn-Mayer’’, ‘’Miramax’’ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր եւ լավագույն ֆիլմերը՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ֆորեսթ Գամփ», «Լարա Քրոֆթ. Դամբարաններ կողոպտողը», «Փրկել շարքային Ռայանին», «Վանիլային երկինք», «Քրիստոսի չարչարանքները» եւ այլն: Հանրայինի նոր եթերացանցում տեղ են գտել նաեւ ուսուցողական վավերագրական այնպիսի ֆիլմաշարեր եւ ֆիլմեր՝ ինչպիսիք են «Կլոդ Մոնե», «Կեսարը», «Մոցարտ», «Գեթսբի», «Պիկասո», «Վիկտոր Հյուգո», «Մարիա Կալլաս» եւ այլն:

 

Մշակութային, հասարակական, Ճանաչողական, կրթական- Այս նոր եթերաշրջանում եւս Հանրայինի ուշադրության կենտրոնում կշարունակեն լինել մշակութային, կրթական եւ հասարակական հաղորդումները: Ստեփան Զաքարյանը «Հայաստանի առեղծվածներ» հաղորդման երրորդ եթերաշրջանում կշարունակի գտնել, բացահայտել եւ անդրադառնալ նոր ու հետաքրքրական պատմություններին եւ վայրերին:

Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի հաղորդավարներ Գոհար Գասպարյանը կօգնի ճանաչել «Հայաստանի համը», իսկ Աննա Ավանեսյանը՝ բացահայտել օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայրենակիցների ապրումներն ու ճակատագրերը: Արեւիկ Ուդումյանն ու Կարինե Խոդիկյանը «Մեր մեջ ասած» ծրագրերի շրջանակներում կշարունակեն գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ ամենահետաքրքիր պատմությունները ներկայացնել ի լուր աշխարհի: Արթուր Բախտամյանն էլ կշարունակի անդրադառնալ այն «Չակերտներ»-ին, որոնք դեռեւս չեն բացվել, հարցերի, որոնք դեռ չեն ստացել իրենց պատասխանները:

Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանը կշարունակի «Մայրիկների ակումբ»-ում անդրադառնալ ամենաբարի նորություններին եւ ամենաօգտակար խորհուրդները տալ կանանց եւ ապագա մայրիկներին:

 

Սոցիալական խնդիրներին հետամուտ— Նոր եթերաշրջանում եւս «Առաջին տաղավար»-ում կքննարկվեն սոցիալական եւ հասարակական բնույթի ամենատարբեր հարցերը: Տիգրան Դանիելյանը՝ «Բարդ երկուշաբթի», Աելիտա Չիլինգարյանը եւ Սոնա Աբրահամյանը՝ «Մասնագիտությամբ` լրագրող», Կարեն Գիլոյանը՝  «Խաղից դուրս» եւ Էրիկ Անթառանյանը՝  «Ազատ գոտի» հաղորդաշարերում կբարձրաձայնեն ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին` հնարավորության սահմաններում փորձելով լուծումներ առաջարկել:

 

Այսքանն անելիքների մի մասն է միայն, առաջիկայում նոր ծրագրեր եւ նախագծեր են սպասվում Առաջին ալիքի եթերում:

Back to top button