Խաչվերացին երիտասարդները խաչեր կբաժանեն վարորդներին ու անցորդներին


Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 13-ին կտոնի Սուրբ Խաչի կամ Խաչվերաց տոնը, ինչին նախորդում է շաբաթապահք։ Այն ընդունված է պահել տաղավար բոլոր տոներից առաջ, հիշեցնում է ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, նաև տեղեկացնում, որ այս կիրակին համարվում է բարեկենդան, որի ընթացքում մարդը կարող է ազատ սնվել ինչ ուզում է, որպեսզի հետո մտնի մեկշաբաթյա պահքի շրջան։
Սուրբ խաչի տոնը 5 տաղավար տոներից վերջինն է: Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը բոլորին հիշեցնում է՝ Սուրբ Խաչի օրը գերեզմաններ չայցելել, ննջեցյալների հիշատակությանը օրը սեպտեմբերի 14-ն է:
Ի դեպ՝ Սուրբ խաչի օրվա առիթով երիտասարդները քաղաքային տրանսպորտում խաչեր կբաժանեն վարորդներին, որպեսզի երթուղայիններում ու ավտոմեքենաներում աչքի ուլունքի փոխարեն խաչ լինի: Նման ակցիա կազմակերպվել էր նաև անցյալ տարի, որի ընթացքում 3 հազար խաչեր ու թռուցիկներ են բաժանվել, ինչը հետաքրքրություն է առաջացրել, ասաց ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը:
Երիտասարդները նաև ծննդատներ են այցելում և խաչեր, աղոթագիրք ու իրազեկող թռուցիկներ նվիրում: Ակցիան կնպաստի, որպեսզի սեպտեմբերի 13-ին նշվող Սուրբ Խաչի տոնի մասին պատմությանը իրազեկների թիվն ավելանա:
Հայ առաքելական եկեղեցին կարևորում է մեկշաբաթյան պահեցողությունը։ Այն խաչվերացից առաջ կնպաստի, որպեսզի մարդն ավելի մաքրված դիմավորի Սուրբ Խաչի տոնը: