Վերլուծական

Իրավունքը պետք է պարտադրել. քաղաքագետները սահմանային վիճակի մասին

lenabadeyan

Վերջին շրջանում սահմանային լարվածությունը չի բերի լայնածավալ գործողությունների, բայց այս ամենում կա նորություն: Այսօր իրավիճակը փորձել են վերլուծել եւ հասկանալ քաղաքագետերն ու ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Վերջինը, ի դեպ, այսօր մեղադրել է միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու, տարբեր խախտումների վրա աչք փակելու ու նույնիսկ խրախուսելու՝ Եվրոպական օլիմպիական առաջին խաղերն Ադրբեջանում կազմակիերպելու համար:

 

Սահմանային լարվածություն Ադրբեջանը ստեղծում է պարբերաբար, բայց այս անգամ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության դեպքում նկատվում են նոր երանգներ:

«Ադրբեջանը փորձում է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ եւ դա հաջողվում է՝ զինվում է շատ ինտենսիվ՝ Ռուսաստանի օգնությամբ եւ քաղաքական նոր հարաբերություններ է ստեղծում: Այն հանգամանքը, որ վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանի սահմանին գործողություններն ավելի է ծավալում, ցույց է տալիս, որ նա փորձում է ամեն կերպ հակամարտությունը թեժացնել Հայաստանի հետ հատվածում»,- ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

«Ռազմինֆո» կայքի համակարգող, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հավելում է. «Նորությունը նոր զինատեսակներն են, որ սկսել են կիրառվել: Օգոստոսին սկսեցին կիրառել զենիթային հրանոթներ ЗУ 23 մմ տրամաչափի։ Դա այն ժամանակ բռնության ուժեղացման ինչ որ օրինակ էր, դրանից հետո ուղղաթիռի խոցումը, որը էլի ինչ որ նոր մակարդակի բերեց, հիմա այդ ականանետերի, հրթիռների կիրառումը: Այսինքն՝ քայլ առ քայլ փորձում են ճնշումն ավելացնել, փորձում են մթնոլորտն ավելի լարել: Բայց մինչեւ որոշ աստիճան, որովհետեւ իրենք շատ լավ են հասկանում, որ բաց, լայնածավալ բախումը շատ ռիսկային է իրենց համար»:

Այսպիսի իրավիճակներում քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարեւորում է բաց ռազմական լրատվությունը, որը ոչ թե խուճապ կառաջացնի, այլ՝ հանգստություն: Քննադատում է, որ այսօրվա դրությամբ համապատասխան ոլորտը արագ չի արձագանքում եւ գտնվում են լրատվամիջոցներ, որոնք չճշտված տեղեկություններ են տարածում:

«Պետության խնդիրը շուտ արձագանքնելն է»,- հավելում է Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ այս դեպքում նաեւ տեղեկատվական պատերազմում ճիշտ ճանապարհով կգնանք: Թեեւ վերջին լարվածությունը կապված է հայ-ադրբեջանակն սահմանի հետ, բայց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հարկ է համարում այս օրերին հստակեցնել՝ ղարաբաղա-ադրբեջանական հատվածում իրավիճակը վերահսկելի է:

Թեեւ միշտ ներկայացվում է դեպքերի իրողությունը, բայց միջազգային հանրությունից համարժեք արձագանք չենք տեսնում, դժգոհում է Դավիթ Բաբայանը՝ ուղիղ մեղադրելով Եվրոպային՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ: Որպես վառ օրինակ նշում է Եվրոպական օլիմպիական առաջին խաղերը, որ կազմակերպվեցին Բաքվում՝ խրախուսելով ադրբեջանական ներկայիս քաղաքականությունը:

«Մի պետություն փակում է «Ազատություն» ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, ինչ անօրինականություն ասես չի անում, բայց անց են կացնում այնտեղ Եվրոպական խաղեր: Արդեն ուրիշ որակի խնդիրներ են, որոնց առերեսվում է առաջին հերթին Եվրոպան, առաջին հերթին քաղաքակիրթ աշխարհը, երբ այդ կոռուպցիոն մետաստազները Ադրբեջանի պես պետությունից անցնում են եվրոպական կառույցներ: Սա շատ լուրջ խնդիր է: Այստեղ պարզապես պետք է երեւի համախմբված մոտեցում ցուցաբերի Հայաստան-Արցախ-Սփյուռքը»:

Սահմանային միջադեպերի ժամանակ որպես առաջին պատասխան քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարեւորում է «պատժիչ գործողությունը»։ Ասում է՝ եթե ամեն ինչ արվում է ճիշտ, ապա այդ գործողություններն ընդունելի են նույնիսկ միջազգային հանրության համար:

«Անցայլ օգոստոսին Ադրբեջանը դա ստացավ: Եղավ առաջին անգամ, երբ արած աշխատանքը շուռ եկավ այն աստիճան նրանց դեմ, որ նրանք հասկացան: Դա պետք է զարգացնել եւ դա իրականություն է փոխում, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում տարվա սկզբին գնահատականների մեջ արդեն ինչ որ տեղ ճանաչել է Հայաստանի այդ ռազմական քաղաքականությունը: Նրանք կոչ են արել Ադրբեջանին իր վրա վերցրած պարտականությունների կատարումը։ Հայաստանին էլ կոչ է արել միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Դա շատ կարեւոր բան է: Պիտի պարտադրես քո իրավունքը, ուրիշ ձեւ չկա»,- նշում է Մանվել Սարգսյանը:

Back to top button