Հարսանեկան, աշխատանքային, որսորդական, ռազմական պարեր. «Ազգային երգ ու պար»- ը՝ նաեւ 6-րդ դասարանում


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հաստատել է հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը։
Հրամանի համաձայն՝ առարկայի դասավանդման համար կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ:
6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:
Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան և աշխատանքային պարերին և պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային պարերի և պարերգերի մասին, ինչպես նաև կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր:
Ծրագրում կարևոր տեղ է հատկացվել որսորդական պարերին և հատկապես ռազմապարերին: