Հասարակություն

Հարկադիր կատարողը յուրացրել է բռնագանձած գումարները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդումից պարզվել է, որ անցկացված ծառայողական քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Տիգրան Խ.-ն իր կատարմանը հանձնված 359 կատարողական թերթերով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չի հարուցել և կատարողական գործողություններ չի կատարել:

Բացի այդ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից ստացված նյութերով և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ նույն հարկադիր կատարողը 18 դատական ակտերով չնայած հարուցել է կատարողական վարույթներ, սակայն ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար պարտապաններից ստացած բռնագանձման ենթակա գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել ու պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է:

Հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button