Հասարակություն

Հակահայկականությո՞ւն, թե՞ հարբած ռուսի ու հակակովկասյան վերաբերմունքի գործոն. հայ երիտասարդի սպանության պատճառները

lianaeghiazaryan

Արժեհամակարգի խնդի՞ր, թե՞ հակահայկականության դրսեւորումներ: Ինչի մասին են խոսում վերջին մի շարք դեպքերը` Ռոստովի մարզում 22-ամյա հայ երիտասարդին շուրջ 100 հոգանոց ամբոխի կողմից ծեծելով սպանելը, Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, վթարի ենթարկված բեռնատարի հայ վարորդին կանացի խալաթով դատարան ներկայացնելը: Այսօր այս թեմայի առնչությամբ՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շեշտել է` սա ահազանգ է` արժեքային համակարգի խնդիր, ընդհանրապես կովկասցիների, բայց ոչ միայն հայերի դեմ ուղղված վերաբերմունք: Հոգեբան Սամվել Խուդոյանը խոսել է հարբած ռուսի անվերահսկելիությունից, իսկ երգահան, երաժիշտ Արտավազդ Բայաթյանը նկատել է` սա ռուսական տիպիկ « բեսպրիդելն» է, իսկ մենք արդարադատ ազգ ենք, այլապես Գյումրիի դեպքից հետո ռուս զինվորին կդարձնեինք քյուֆթայի միս:

 

Աշխարհն այսօր այնքան ագրեսիվ է դարձել, որ երբեմն անգամ ժպտացող մարդուն են սպառնում, թե ատամ ես ցույց տվել, նկատում է հոգեբան Սամվել Խուդոյանը` անդրադառնալով Ռուսաստանի Ռոստովի մարզում օգոստոսի 30-ի գիշերը 22-ամյա հայ երիտասարդին շուրջ 100 հոգանոց ամբոխի կողմից ծեծելով սպանելու դեպքին:

Հիշեցնեմ` Ռոստովի գյուղերից մեկում սպանել են հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին, որը հարբած վիճակում վթարի է ենթարկվել` հարվածելով  5 մեքենայի: Նրա հետ եղել են նաեւ քույրն ու հայրը, վերջինս եւս ծեծի է ենթարկվել:

Վթարից հետո վարորդի եւ վնասված մեքենաների տերերի միջեւ կռիվ է սկսվել, երիտասարդին հանել են մեքենայից եւ դաժանաբար ծեծել: Գործն արդեն հանձնվել է քննչական կոմիտեին, քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ: Մեղավորներին սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Բայց ինչի՞ մասին է խոսում այս դեպքն ընդհանրապես: Հոգեբան Սամվել Խուդոյանը դատապարտում է կատարվածը` միաժամանակ, սակայն, սա չդիտարկելով ազգային հողի վրա իրագործված արարք: Հարբած` անվերահսկելի ռուս ու կովկասյան ազգի ներկայացուցչի գործոն. հոգեբան Խուդոյանը սպանության հիմքում առկա գործոնները սրանք է համարում ու ինքն էլ իր կյանքից մի դեպք հիշում, թե ինչպես է ռուսը ռուսին սպանել:

«Ես ռուսական գյուղում տոնակատարության ժամանակ հանդիպել եմ կռվի ու դուք պարզապես չեք պատկերացնում ինչ է դա: Ռուսական գյուղում հարբում  են այնքան, որ ոչ մի բան չեն հասկանում, էսպես դանակը ձեռքը վերցրած քայլում են» Դուք չեք էլ պատկերացնում, թե նրանք ի՞նչ ձեւի են հարբում: Դանակը պահած գնում էր`աղջիկ էր խոսեցրել, աղջիկներն էլ հետը ծեծեցին ու սպանեցին»,-ասաց հոգեբանը:

Ինչ վերաբերմունքի արժանացավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորականը, ում դժվարանում էին հանձնել հայերի դատաստանին, եւ ինչ վերաբերմունքի` բեռնատարի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը, ում կանացի խալաթով ներկայացրին դատարան: Ինչպե՞ս իրենց դրսեւորեցին հայերը, երբ օգոստոսի 13-ին իրանական բեռնատարը Երասխում բախվեց 7 մեքենայի` առաջացնելով 1 մահ, 9 անձի մարմնական վնասվածք ու մի քանի մեքենա մոխրակույտի վերածելով:

Ինչպե՞ս պատահեց, որ օրեր առաջ Փարիզ-Ամստերդամ գնացքում կասեցված իսլամիստ-ահաբեկչի հանդեպ ինքնադատաստան չտեսան, այլ թեւերը ոլորած` հանձնեցին ոստիկաններին: Երգահան, երաժիշտ Արտավազդ Բայաթյանն իր հերթին նկատում է` Ռուսաստանում բարքերն են այդպիսին`ինքնադատաստանը, հաշվեհարդարը բնորոշ են այդ ժողովրդի արժեքային համակարգին:

«Իմ կարծիքով` չեն էլ նայել հայ է, թե ոչ, քանի որ ռուսական համարներ են եղել, միանգամից սկսել են խփել: Սա հենց ռուսական «բեսպրիդելի» արտահայտությունն  է: Մենք պարզապես շատ արդարադատ ազգ ենք, ու եթե այդպես չլիներ, Գյումրիում տեղի ունեցածից հետո ռուս զինվորին կդարձնեինք քյուֆթայի միս: Իսկ ռուս ազգը պատրաստ էր 200 հոգով ծեծել մի երիտասարդին»:

Որտեղ մարդու կյանքը կարևոր չէ, նման դեպքեր միշտ սպասելի են, ասում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Բայց միաժամանակ նաեւ շեշտում` նման անասնական բարքերը միայն ռուսներին վերագրելն էլ ճիշտ չէ, Հայաստանում միայն մարզային համազգեստով ռեստորան ներկայանալու համար մարդուն ծեծելով սպանելը, երկար նայելու համար վեճ հրահրելը արդեն նման բարքի  օրինակ են: Ամեն դեպքում՝ բանախոսները կատարվածը համարում են արժեհամակարգի խնդիր, ոչ թե հակահայկականության դրսեւորումներ:

Բայց այստեղ էլ «բայց»-եր կան: Ինչո՞ւ են ռուսական լրատվամիջոցները միանգամից ռուս իրավախախտներին պաշտպանողի դիրք ընդունում նման դեպքերում, ինչո՞ւ են դժվարանում Պերմյակովին ներկայացնել որպես զազրելի մարդասպան, Հայաստանում սոցիալական շարժմանը միանգամից քաղաքական երանգ վերագրում, իսկ այս դեպքում` երիտասարդի սպանությունից անմիջապես անց հայտարարում, թե հարբած է եղել ու թմրանյութի ազդեցության տակ` առանց որեւէ փորձագիտական եզրակացության:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համոզված է` կովկասցիների հանդեպ բացասական վերաբերմունքը պետականորեն է խրախուսվում, ինչի հետ համաձայն չէ Սամվել Խուդոյանը:

Back to top button