Մշակույթ

Աղոթք՝ հանուն ազատության. Արցախում հնչեց Վերդիի «Ռեքվիեմը»

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  երկակի տրամադրություն էր:  Տոն էր դասական երաժշտության սիրահարների համար, բայց միևնույն ժամանակ հնչում էր Վերդիի «Ռեքվիեմը»՝ ունկնդիրներին խորհրդածելու հնարավորություն պարգևելով: Համերգը կայացավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և «Հայկ Մաղաքելյան» հիմանդրամի հովանավորությամբ:

 

 

Անձնական ապրումների ճնշման տակ  ծնված Վերդիի «Ռեքվիեմը», որը ներկայացման  համարձակությամբ  նույնիսկ ժամանակակիցների կողմից միանշանակ չէր ընդունվել, երեկ Սետեփանակերտում  ձոնվեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու  Արցախի անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին:

Կազմակերպիչները ներկաներին անմոռուկներ բաժանեցին, իսկ  նախագծի գեղարվեստական ղեկավար Լյուբով Կազարնովսկայան հանդիսատեսին ներկայացավ ՀՀ առաջին տիկնոջ նվերը՝ անմոռուկներով  շղարշն ուսերին: Համերգին կատարվելիք ստեղծագործության ընտրության և Հայոց ցեղասպանության ու արցախյան ազատամարտի  միջև զուգահեռներ տանելով,  Ցեղասպանության հարյուրամյակին հայերի միավորվելը հայրենիքում ըստ նրա՝ դաս է:

«Դաս, որ հասկացնում է, որ  վիթխարի ավանդյութը, վիթխարի մշակույթը երբեք չի կարող արմատախիլ արվել, մորթվել խեղդվել: Այսօր մենք ոչ թե  ողբերգական ռեքվիեմ ենք երգում, այլ սիրո, հանուն խաղաղության, բարության,կյանքի,  ընդդեմ բռնության ազգերին միավորող մեծ ուժը փառաբանող ստեղծագործություն»,- ասաց Լյուբով Կազարնովսկայան:

Մեկուկես ժամանոց  Ռեքվիեմի կատարումը ուղեկցվում էր տեսաշարով, որը  լատիներեն տեքստի յուրովի թարգմանություն կարելի է համարել:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի,  երեք երգչախմբերի՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, Արցախի վարարակն և «Մռակած» երգչախմբերի, մենակատարների  Յանա Սաֆոնովայի, Վիշնիա Ռադոսավի, Ալեքսանդր Չեռնով և Նիկոլա Ուլիվերիի համատեղ ելույթը ղեկավարում էր  Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Անատոլլի Լեւինը,ով հիացած էր  Հայաստանի Ֆիլհարմոնիկի, Չեքիջյանի և Արցախյան երգչախմբերի հետ համատեղ աշխատանքից:

«Դա այնպիսի երջանկություն է, երբ երաժշտությամբ,արվեստով զբաղվելու համար ոչ ի խոչընդոտ չկա»,-ասաց նա լրագրողներին:

Համերգի  ավարտին կազմակերպիչներից Լյուբով Կազարնովսկայան ասաց. «Այս հողում դա բաց ներվի նման էր հնչում՝ մարդիկ ուշքի եկեք, արեք այնպես, որ այլևս ոչ մի հոր, եղբոր, մանկան արցունք, արյան կաթիլ չթափվի»:

«Ռեքվիեմի»արցախյան պրեմիերան կայացավ ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Այսօր առավոտյան Ստեփանակերտն արթնացավ տոնական երաժշտությամբ: Մայրաքաղաքի  և շրջկենտորնների փողոցներում խրոխտ քայլերթով զինվորական շարասյուններն են անցնում: Տեղի են ունենում համերգներ, մարզական խաղեր: Երեկոյան Վերածննդի հրապարակում դարձյալ երաժշտություն է հնչելու, լինելու է հրավառություն:

Back to top button