Հասարակություն

«Ունիսոն». Ներառական կրթությունը թեքահարթակներով չի սահմանափակվում

lusinevasilyan

Հայաստանում գործում է 140 ներառական դպրոց, բայց  դրանք  բաց չեն բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այսօր ասել է «Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը ՝ անդրադառնալով ներառական կրթության հիմնախնդիրներին:  Նա խոսել է ոլորտի հիմնական մտահոգությունների  մասին ու ընդգծել ՝ ներառական դպրոցների թիվ մեկ  խնդիրն ամենևին էլ  թեքահարթակները չեն: 

 

Հայաստանը 2010-ին վավերացրել   է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան,  ստանձնել օրենսդրությունը կոնվենցիայի  պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություններ: Դրանցից մեկը ներառական կրթության ներդրումն է: Համակարգը մեր երկրում գործում է արդեն մի քանի: Նախատեսվում է մինչև 2025-ը ավարտել գործընթացն ու անցնել  համընդհանուր ներառական կրթության:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր Հայաստանի դպրոցներից ներառական են  140-ը:  Քանակական  առումով վատ ցուցանիշ չէ, անգամ լավագույններից մեկն է հետխորհրդային տարածքում, բայց   քննարկման հարց է, թե որքանով են այդ դպրոցներն իսկապես պատրաստ ներառական կրթություն իրականացնելու:

«Այստեղ իհարկե հարցերն ավելի շատ են , քան պատասխանները»,- ասում է « Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: Խնդիրների շարքը սկսվում է ամենածանոթ ու ամենաքննարկված հարցից ՝ որքանով են ֆիզիկապես մատչելի դպրոցները հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս հարցի քննարկումն էլ որպես կանոն կենտրոնանում է թեքահարթակներ ունենալ-չունենալու խնդրի վրա ու դրանով էլ ավարտվում:

Թեքահարթակաների հարցը, ըստ Ալավերդյանի,  կարևոր է, հատկապես երբ միայն առաջին հարկով չի ավարտվում, բայց այլ մտահոգիչ հարցեր էլ կան: «Որոշ տնօրենների կարծրատիպային մոտեցումներն ավելի մտահոգիչ են: Նրանք ներառական կրթությունը հաճախ համարում են լրացուցիչ ֆինանսներ ստանալու միջոց, անգամ մոդայիկ երևույթ, շատերն ուղղակի չեն հասկանում, թե ինչ է նշանակում ներառականություն»:

Ներառականությունը, ըստ «Ունիսոնի» նախագահի,  ենթադրում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ծրագրային մատչելություն, կարիքների ճիշտ գնահատռում, ըստ այդ կարիքների միջոցների  ուղղորդում, համապատասխան որակավորում ունեցող  կադրերի առկայություն:  Ներառական դպրոցներում այս բոլոր խնդիրներն բացն առկա է: «Ընդհանուր առմամբ՝ ներառական դպրոցները բաց են ոչ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար»:

Վերջերս լրատվամիջոցներն անդրադարձան կոնկրետ դեպքի՝

Երևանի թիվ 125 դպրոցի տնօրենը  հրաժարվել էր դպրոց ընդունել հաշմանդամություն ունեցող երեխային: Ըստ տնօրենի լրացուցիչ  պարզաբանման՝ մտավախություն կար , որ դպրոցը չի կարողանա երեխայի կրթությունը կազմակերպել:  Կրթության և գիտության նախարարը,  արձագանքելով միջադեպին,  տնօրեններին ավելի ուշադիր լինելու կոչ էր արել, նաև  նշել էր, որ միջադեպը ներառական կրթության  հիմնախնդիրները քննարկելու հերթական առիթն է:

Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին շատ ավելի ուշագրավ  դատողություններ էր արել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։ Չժխտելով ներառական կրթության անհրաժեշտությունը, խոսելով դրա կարևորության մասին՝ փոխքաղաքապետը նաև  այսպիսի դիտարկում էր արել.  պետք է նաև հոգ տանել առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին, քանի որ առաջին անգամ դասարան մտնող երեխայի համար հաշմանդամություն ունեցողի  հետ հանդիպումը որոշակի սթրես է:

«Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է ոչ թե ելույթը, այլ դրան հաջորդած ծափերը:  Մի պաշտոնյա, գուցե և անհաջող կերպով, բարձրաձայնել է այն մտոհոգությունը, որ կա շատերի մեջ: Այնպես որ, կարծում եմ՝ պետք է ոչ թե քարկոծենք այդ պաշտոնյային, այլ պայքարենք այդ երևույթի դեմ, քանի որ այն, ուզենք թե չուզենք, հանրության մեջ կա»:

Back to top button