Հասարակություն

Ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ  բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վ.Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի  շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Ձեռնարկված քննչական օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում  ձերբակալվել է Ռ.Մկրտումյանը, հայտնաբերվել  հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Back to top button