Հասարակություն

Այս ուստարում առաջինդասարանցիների թիվն Արցախում ավելացել է

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախի 216 դպրոցներում այսօր հնչել է  ուսումնական տարվա սկիզբն ավետող զանգը: Տարին Արցախի կրթական համակարգի համար յուրահատուկ է. պատասխանատուներն ու ուսուցիչները առաջին դասարանցիների թվի աճ են արձանագրել և սա ոգևորության առիթ է։

 

Այս ուսումնական տարում Արցախում առաջին դասարան է հաճախելու   2764 երեխա: Առաջինդասարանցիների թիվն ավելացել է 456-ով: Սա  նաև 2008-ին կայացած արցախյան մեծ հարսանիքի արդյունքներից է:

Ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 1- ի առաջին դասը ուսումնական հաստատություններում նվիրել են անկախությանն ու խաղաղությանը: Արցախի պետական համալսարանում  առաջին կուրսեցիների  համար դասախոսությամբ են հանդես եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նրանք խոսել են ինչպես Արցախի Հանրապետության անցած ճանապարհի, այնպես էլ ներկա խնդիրների և անելիքների մասին: Դրանցից առաջինը տեղավորվում է «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասացվածքի տրամաբանության մեջ:

Այս պահերին Ստեփանակերտը դեռ  աչք է շոյում սեպտեմբերմեկյան գույներով։ Միայն քաղաքի կենտրոնում՝ Վերածննդիր հրապարակում, մթնոլորտը փոքր ինչ այլ է: Այստեղ արդեն աթոռներ են տեղադրված, կահավորված է բեմը: Ժամեր անց այստեղ հնչելու է  Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»:

Հանրապետության տոնին ընդառաջ արդեն երրորդ անգամ է, որ Հայաստանի առաջին տիկնոջ հովանու ներքո արցախցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ստանում աշխարհահռչակ երաժիշտների արվեստն ունկնդրել: Այսօր երեկոյան  Ստեփանակերտում Վերդիի Ռեքվիեմը կատարելու են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Արցախի պետական և  «Մռակած» պետական կամերային երգչախմբերը, մենակտարները Ռուսաստանից, Սերբիայից, Իտալիայից են: Նախագծի գեղարվեստական ղեկավարը Լյուբով Կազարնովսկայան է:

Back to top button