Հասարակություն

Աճող գյուղի խնդիրները

hasmikdilanyan
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքն այս տարի յոթ առաջին դասարանցի ունի: «Մեր գյուղը ոչ թե մարող, այլ աճող գյուղ է», — վերջերս  համայնք այցելած  լրագրողական խմբին հպարտությամբ ասել է Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը: Նա նաև անկեղծացել է՝ գյուղում երիտասարդներն ամուսնանում են, ու  բնակարան չունենալու պատճառով հեռանում գյուղից: Լրագրողական այցը կազմակերպել էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

 

 

Սյունիքի մարզ, Հալիձոր համայնք: Գյուղապետի վստահեցմամբ, ոչ թե մարող, այլ աճող գյուղ, որտեղ այս տարի առաջին դասարան են  հաճախում յոթ երեխա: Աճող գյուղի  ղեկավարը  խոստովանում ՝ անցյալ ուսումնական տարին բացառիկ էր, ընդամենը երկու առաջին դասարանցի ունեին: Տխուր վիճակագարությունը մնաց անցյալում, հաջորդ տարի էլ կունենան յոթ առաջին դասարանցի, եթե իհարկե երեխաների ծնողները  շարունակեն ապրել գյուղում:  Ամեն տարի Երևան մեկնածների 20 տոկոսն է միայն  գյուղ վերադառնում: Աճող Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը  մի պահ անկեղծանալով ասում է.« Այսպես թե այնպես երիտասարդները հիմա, որ ամուսնանում են, բնակարան չունենալու պատճառով գյուղը լքում են, գնում են կողքի համայնք, կամ ավելի մեծ համայնքներ: Մենք այդ խնդիրն ունենք: Մենք այսօր երիտասարդներին տեղում բնակացենելու լուրջ խնդիր ունենք»:

Համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը շուտափույթ լուծում պահանջող հարցն է առանձնացնում՝ աշխատատեղերի բացակայություն: Ասել, որ Հալիձորում ընդհանրապես աշխատանաք չկա, ճիշտ չէ, պարզապես, Գերասիմյանի խոսքով , տեղացիները չեն ցանկանում աշխատել սպասարման ոլորտում, արդյունքում աշխատատեղերը թափուր են, գյուղացիներն էլ՝  առանց աշխատանքի: Ստիպված նրանք արտագնա աշխատանքի ճանապարհն են ընտրում, ու հիմնականում  նույն աշխատանքը անում, սակայն, հարևանների ու բարեկամների աչքից հեռու: Հալիձորի ղեկավար Մարատ Գերասիմյանն ունի իր  պարզաբանումը.«Դա մեր ազգային մենթալիտետից է գալիս, մեր բնավորությունը մի քիչ ուրիշ է: Գոռոզություն է դա նաև: Դրսում աշխատում են, երևի, որ իրենց հարևանը դա չի տեսնում: Ես կուզենայի, որ բոլորն էլ գոնե մի սենյակ կարողանային հյուրատուն ունենալ: Դա նրանց կկերակրի ամբողջ տարին»:

Հալիձորցիների կյանքը փոքր- ինչ Տաթևի ճոպանուղու կառուցումը թեթևացրեց, սակայն, այստեղ էլ դժվարությամբ են աշխատանքի ընդունում: Եվ քանի որ անգամ գյուղապետը չի հավատում, որ աշխատատեղերի խնդիրը կլուծվի, ուստի և իր իսկ ձևակերպմամբ, իրական խնդիրներին է անդրադառնանում ՝ գյուղում գազ ու ոռոգման ջուր չունեն: Երազում են՝ բարեկարգված փողոցներ ունենալ: Ի տարբերություն աշխատատեղերի, ենթակառուցվածքներ գուցե տարիներ հետո ունենան:

Գյուղապետի հետ հանդիպումից հետո  Հալիձորի ցեխոտված փողոցներում առաջինը Շինուհայրից Հալիձոր հարս եկած ու 40 տարի գյուղում բնակվող 55-ամյա  Սոնա Մկրտչյանին  հանդիպեցինք:  Չնայած Խորհրդային միոթյունը վաղուց չկա, սակայն, զրուցակիցս դեռ «այն ժամանակների»  մասին է երազում, երբ գործարանում աշխատում էին, ու աշխատավարձ ստանում: Հող ունեն, սակայն, երազում է այն օրվա մասին, թե երբ կկարողանա իր տունն էլ հյուրատուն դարձնել, իսկ այցելած առաջին հյուրին  էկոլոգիապես մաքուր սնունդ հյուրասիրել.«Մենք  փոխինձ ենք սարքում, ածիկ, չորաթան: Բոլոր հյուրերին ավելուկ ենք հյուրասիրում: Ի դեպ, ոչ միայն զբոսաշրջիկներին»:

Իսկ այսօր գյուղի երկու խանութներում պարտքերի ցուցակները մի քանի ժամով  մարվում են միայն սոցիալական նպաստ կամ թոշակ ստանալու օրը: Բայց դա միայն մի քանի ժամ, հետո արդեն   երկու խանութներից  նախ մեկի, հետո  մյուսի դուռն են թակում՝ պարտքով կրկին ապրանք վերցնում: Իսկ ապրանքը ստանալու  երաշխիքը  գյուղաց ու՝ խանութպանին բանավոր տված «նպաստին կտանք»  խոստումն է:

Back to top button