ՎերլուծականՔաղաքական

Հայաստանի համար տարածաշրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվում.Արա Պապյան

lenabadeyan
Այս տարվա ամառը կարեւորագույն էր՝ կարեւորագույն փոփոխություններով. այս եզրահանգման է եկել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հետեւելով տարածաշրջանային զարգացումներին: Կարծում է, առավելապես Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, բայց կասկածում է, որ այս անգամ էլ Հայաստանը կկարողանա օգտվել ստեղծված իրավիճակից: Այսօր քաղաքագետը վերլուծել է Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում, Սիրիայում եւ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններն ու ապագային ազդակները:

 

Այն, ինչ կատարվում է տարածաշրջանում առայժմ ձեռնտու է Հայաստանին, ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Բարենպաստ է, օրինակ՝ Թուրքիայում տիրող իրավիճակը, քրդական շարժումով հանդերձ եւ նոր պետության ստեղծման հեռանկարով, բարենպաստ է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացումն ու այդ երկրի մուտքը համաշխարհային շուկա:

Մի կողմ դնենք, թե հետագայում ինչ համատեղ ծրագրեր կարող են անել Հայաստանն ու Իրանը, այժմ արդեն բարենպաստ է այդ երկրի միջոցով նավթի գնի իջեցումը. այն վերջնական կջախջախի Ադրբեջանը, ըստ կանխատեսումների՝ նավթի մեկ բարելի գինը կարող է իջնել մինչեւ 20 դոլար: «Որքան քիչ փող, այնքան քիչ զենք»,- եզրակացնում է Արա Պապյանը՝ մեր հարեւան երկրի համար կանխատեսելով տնտեսական եւ հետեւաբար քաղաքական լուրջ խնդիրներ:

«Նույն Ադրբեջանը 94 դոլարով էր 1 բարել նավթը հաշվել բյուջեում, հիմա այդ փողերը չկան, փողերը մաշվում են եւ այլն: Սա զսպող դեր է կատարում Ադրբեջանի համար, մյուս կողմից Ադրբեջանը հասկանում է, որ սա իր վերջին շանսն է, ըստ էության՝ այս տարեվերջը եւ մյուս տարվա սկիզբը, եթե ինքը փորձի ռազմական եղանակով հարցեր լուծի պիտպ փորձի այդ ժամանակ, որովհետեւ հետո ավելի վատ կլինի: Ակնհայտորեն Ադրբեջանում դժգոհությունը շատանում է, նաեւ էթնիկ-կրոնական խմբերի դժգոհությունն է շատանում: Այսինքն՝ սունիներն ակտիվանում են հյուսիսում, ազգային խմբերից լեզգիններն ու թալիշներն են ակտիվանում, թաթերն են սկսել իրենց մասին հնչեցնել եւ խոսել»:

Ադրբեջանի կողմից ռազմական միջամտության ակնարկը Արա Պապյանը հստակեցնում է՝ պատերազմի վերսկսման հավանականությունը քիչ է, քանի որ Ադրբեջանը գրեթե 100 տոկոսով վստահ է` այդ գործողություններում ակնկալվող հաջողության չի հասնելու, իսկ վնասներն ավելի շատ կարող են լինել: Վերադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին եւ նավթի գնի անկմանը քաղաքագետը նշում է, որ այդ ամենն իրականում արվում է Ռուսաստանին զսպելու նպատակլով: Հենց այստեղ էլ Հայաստանի համար կան որոշակի բացասական միտումներ: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի բյուջեում նավթի 1 բարելի գինը 96 դոլար է հաշվարկված, այժմ դրա իրական գինը 40 դոլարի սահմաններում է եւ դեռ կանխատեսվում է գնի նվազում, ապա ռուբլու անկումն անխուսափելի է:

«Սրա մեջ մեզ համար, իհարկե, կա բացասական դրսեւորովում, որովհետեւ տրանսֆերտների մի զգալի մասը մասնավոր գալիս էր Ռուսաստանից եւ ռուբլու անկումը հանգեցնում է նրան, որ դրանք կրճատվում են՝ մեկ, մյուսն այն է, որ մեզ համար Ռուսաստանը հանդիսանում է կամ հանդիսանում էր հիմնական շուկա՝ այսօր ոչ գնողունակ շուկա է: Հետեւաբար նրանք, ովքեր հույսները դրել էին ԵՏՄ-ի վրա ի չիք եղան, որովհետեւ Ռուսաստանը երկար-երկար ժամանակ չի լինի այդ շուկայում: Նավթի գինը որ իջեցրեցին, դա երկար պահելու են բավականին ցածր եւ բոլոր կանխատեսումներն այն են, որ նավթի գինը չի էլ բարձրանա:

Թեեւ ամռանը կարեւորագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել, բայց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը կասկածում է, որ Հայաստանը ճիշտ կարող է օգտագործել այդ ամենը:

«Մենք արտաքին քաղաքական առումով ունենք աշխարհաքաղաքկան նպաստավոր իրավիճակ: Մի իրավիճակ, որը տասնամյակներ շարունակ չի եղել Հայաստանի համար, բայց իմ մտահոգությունն այն է, մտավախությունը, գրեթե համոզմունքը, որ մենք դրանից չենք կարող օգտվել ելնելով ներքաղաքական խնդիրներից, ինչպես նաեւ հերթական անգամ պատրաստ չլինելուց»:

Ի դեպ՝ «Իսլամական պետություն» կոչվածի ակտիվությունից անհանգստացողներին Արա Պապյանը գրեթե վստահեցնում է, որ այդ խմբավորման գործողությունները դժվար թե հասնեն եւ ծավալվեն Հայաստանի սահմանների մոտ: Մինչեւ այստեղ հասնելը կան շատ ու շատ շահագրգիռ պետություններ եւ ազգեր, որոնք սկզբունքորեն պայքարում են այդ խմբավորման դեմ:

Back to top button