Հասարակություն

Արշալույսցի խաչքարագործ-վարպետի հայտնի գործերն ու նպատակները

satikisahakyan
Արշալույսցի խաչքարագործ-վարպետ Ռուբեն Նալբանդյանի  գործերը հայտնի են գրեթե ամբողջ աշխարհում: Նրա ձեռքով են ծնունդ առել Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում տեղադրված տառ-խաչքարերը: Քանդակել է նաև Ջուղայի խաչքարերի 2 կրկնօրինակ: Խաչքար է տեղադրել նաև Չիլիի Հորն հրվանդանում: Ռուբեն Նալբանդյանը ցանկանում է բացել խաչքարագործության դպրոց:

 

 

Վարպետ Ռուբեն Նալբանդյանի  ձեռքի տակ մուրճի և բրիչի օգնությամբ  ծնունդ է առնում հերթական խաչքարը՝ գեղեցիկ զարդաքանդակներով, հայեցի մտածողությամբ ու նորարարությամբ: Ռուբեն Նալբանդյանը  խաչքարագործության մեջ  վարպետացել է  1987 թվականից: Շուրջ տասը տարի աշխատել է գեղարվեստի ֆոնդում, որտեղ էլ վարպետներից շատ բան է սովորել  և բացի քանդակագործությունից ուժերը փորձել խաչքարագործության մեջ: Առաջին խաչքարը եղել է Ջուղայի խաչքարի կրկնօրինակը, ինչից էլ ոգեշնչվել ու շարունակել է աշխատել՝ կանգնեցնելով մեկը մյուսից տարբերվող զարդաքանդակներով  խաչքարեր:

Ջուղայի խաչքարի 2-րդ կրկնօրինակը տեղադրված է Արմավիր քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու բակում: Խաչքարերի պահանջարկը մեծացավ հատկապես 1988թվականի ավերիչ երկրաշարժից հետո:  Խաչքարերի զարդանախշերը սեփական մտահղացման արդյունք է: Ռուբեն Նալբադյանը 800-ից ավելի խաչքարերի հեղինակ է, որոնք տեղ են գտել աշխարհի տարբեր բնակավայրերում: 2011 թվականին Չիլիի Հորն հրվանդանում, որտեղ միանում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրեր և որտեղ զարգացած է զբոսաշրջությունը,  կանգնեցվել է հայկական  խաչքար, որի վրա մակագրված է՝ «Մեր մոլորակի անմեղ զոհերի հիշատակին»՝ ի դեմս դարասկզբի ամենամեծ ոճրագործության՝  հայերի ցեղասպանության:  Խաչքարը Հորն հրվանդան էր հասել Կիլիկիա առագաստանավով:  « Արգենտինահայ բարեր Էդուարդո Էռնեկյանը 2 հա հողատարածք է գնել  Չիլիում և այն կոչել է  «Արմենիա », որպեսզի այն հաստատուն լինի ինձանից մեկ խաչքար տարավ ու տեղադրեց այնտեղ»:

Ռուբեն Նալբանդյանը նաև Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում տեղադրված տառ-խաչքարերի հեղինակն է: Հայ գրերի գյուտի 1600 –ամյակի կապակցությամբ տառերի տեսքով կերտեց  36 խաչքար, որոնք վարպետի  խոսքով՝ իր կենսագրության մեջ մի նոր էջ բացեցին: Սլավոնական տառերի 30 զարդաքանդակներ էլ վերջերս տեղադրվել Է Բուլղարիայի Շումեն քաղաքում:

Վարպետն ունի նաև իր գործի հետևորդները: Դավիթ Վարդանյանը նրանցից մեկն է: 12 տարեկանից ուսանում է Ռուբեն Նալբանդյանի մոտ, վեց տարվա ընթացքում   ձեռք է բերել որոշակի հմտություն: «Սկզբում ձեռքս բռնած էին սովորեցնում, գիրչի նման, առաջին գործս ծաղիկ է եղել, որը պահում եմ տանը» , — ասաց Դավիթը:

Սկզբում ծաղիկ, հետո խաչքար ու արձան: Այդպես են սովորում խաչքարագործ-վարպետ Ռուբեն Նալբանդյանի արհեստանոցում: Վարպետը նպատակադրվել է հիմնել դպրոց, որին հավանություն է տվել նաև մշակույթի նախարարը: Նալբանդյանի արհեստանոցում կերտվում են նաև մեր անկախության հերոսների՝ Անդրանիկի, Գևորգ Չաուշի և այլոց արձանները: Արշալույս գյուղում Ռուբեն Նալբանդյանը ստեղծել է փոքրիկ թանգարան:

Back to top button