Հասարակություն

Ապօրինի դրամահավաք, պարի` բարձրակրունկներով ուսուցիչներ չպետք է լինեն. Նարինե Հովհաննիսյան

lianaeghiazaryan
Այս տարի սեպտեմբերի 1-ին հայաստանյան ուսումնական հաստատությունների դռները բացվում են շուրջ 400 հազար աշակերտի առջեւ, շուրջ քառասուն հազար առաջին դասարանցի կմտնի դասարան: Այսօր այս թվերը փոխանցել է Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` շեշտելով` նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թվի աճ կա: Ապօրինի դրամահավաքի պատժելիությունից մինչեւ դպրոցական սննդի կասկածելի որակ ու կասկածելի անցյալով մանկավարժներ:

 

Այս տարի առաջին դասարանցիների թվի աճ կա` 2014 թվականի 38 հազարի դիմաց` շուրջ 40  հազար երեխա այս տարի առաջին անգամ կնստի աշակերտական սեղանի մոտ: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դժվարանում է նշել` հանրապետության քանի դպրոց այս տարի առաջին դասարաններ չի ունենա, սակայն փաստը մեկն է` խնդիրը կա, պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին` հայտարարեց հանրակրթության վարչության պետը: «Սեպտեմբերի 10-ին կավարտվի կոմպլեկտավորումը, եւ մենք կունենանք իրավիճակի ընդհանուր պատկերը: Մոտ մեկ տասնյակ դպրոցում կա առաջին դասարանների չձեւավորման խնդիրը: Նախարարությունում խնդրի լուծումը փորձում են այս կերպ տալ:

«Մենք ունենք նվազագույն քանակությամբ աշակերտներով դպրոցներ, որտեղ կազմակերպում ենք երկկոմպլեկտ, նույնիսկ եռակոմպլեկտ կրթություն, երբ, ասենք, 7-րդ եւ 8-րդ դասարանի ընդամենը մի քանի աշակերտ նույն դասարանում են սովորում, բայց մենք որակի առումով խնդիր չունենք, որովհետեւ կա այդ ձեւով աշխատելու կոլեկտիվ ուսուցման մեթոդ, եւ այդ աշխատանքը հաջողվում է երկկոմպլեկտ դասարաններում»,-մանրամասնել է Հովհաննիսյանը:

1-4-րդ դասարանցի աշակերտները դասագրքերով կապահովվեն անվճար, իսկ 5-12-րդ դասարանի աշակերտները կշարունակեն վարձակալությամբ ստանալ դասագրքերը: Հավելյալ, ապօրինի դրամահավաքը պատժելի է, շեշտեց բանախոսը, ապա անդրադարձավ ահազանգերին, որոնց համաձայն` «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում երեխաներին տարիներ շարունակ տվել են հարստացված ալլուրով սնունդ` առանց երեխաների ծնողներին այդ մասին տեղյակ պահելու: Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ահազանգերը մի կողմ թողած` նկատում է` առողջապահության նախարարությունը չի ահազանգել:

«Ահազանգերը նման են այն ահազանգերին, որոնք միշտ հասարակության մեջ կան: Առողջապահության նախարարությունից ոչ մի ահազանգ չկա, ոչ մի վտանգ չկա, եւ որեւէ խնդիր չկա, ես չգիտեմ, թե ինչ ահազանգեր են դրանք եւ ինչին են վերաբերում: Ծնողները նաեւ մասնակից են այս ծրագրին, ծրագիրն արդեն երկար տարիներ գործում է, եւ ծնողներն իրենք էլ մասնակցում են այս ծրագրին, անգամ ներդրումներ են անում:»:

Շարունակվում է Ազգային երգ ու պարի ծրագիրը, այս տարի այն կգործի 100 դպրոցում: Որպեսզի ազգային պարը չուսուցանեն բարձրակրունկ կոշիկներով, պարին չտիրապետող կամ պարզապես ֆիզկուլտուրայի ուսուցիչները, այժմ ընթանում են վերապատրաստումներ, եւ ողջ տարվա ընթացքում երգի եւ պարի ուսուցիչները կլինեն վերապատրաստման ծրագրերի շրջանակում, այս առումով պատրաստ են ծրագրերը, կա արդեն մեթոդական ուղեցույց: Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հանրակրթական դպրոցների մատչելիությանը, ապա Հովհաննիսյանը շեշտում է` մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները լինելու են ներառական, երեխաներն ազատ ներառվելու են այդ դպրոցներում: Եթե 5-6 տարի առաջ ունեինք 53 հատուկ դպրոց, այսօր այդ թիվը 23-ն է, 2025 թվականին կլինեն ընդամենը 2-3-ը: Այսինքն` դրանց փոխարեն երեխաները կներառվեն հանրակրթական ուսումնական ծրագրերում: Օրենքը կա, հետդարձի ճանապարհ` ոչ: Այս երեխաները պետք է սովորեն բոլորի հետ, ու որպեսզի մյուս երեխաների դասապրոցեսը ետ չընկնի, օգնական մասնագետներ են ներգրավվելու ուսումնական գործընթացում:

«Մտցնում ենք ուսուցչի օգնական, հոգեբան, սոցիալական մանկավարժ, ովքեր կօգնեն թե ուսուցչին, թե աշակերտին: Այսօր ուրախությամբ ասում եմ` կարծրատիպը կոտրվել է, եւ եթե մի քանի տարի առաջ ծնողը կարող էր իր երեխային այդ դասարանից հանել, տանել մեկ այլ դասարան` պատճառաբանությամբ, որ այնտեղ կա դժվար երեխա, ապա այսօր կարող եմ փաստել` եւ այդ ծնողները, եւ երեխաները սիրով հոգատարությամբ են շրջապատում խնդիրներ ունեցող երեխաներին»:

Մամուլը վերջերս հրապարակում է մանկավարժների ու դպրոցների տնօրենների անուններ, ովքեր դատվածություն ունեն եւ շարունակում են աշխատել մանկավարժության ոլորտում: Արդյոք սա հարիր է մանկավարժի կերպարին, հարց ուղղեցինք Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետին: Հարիրը հարիր չէ, շեշտեց Նարինե Հովհաննիսյանը, բայց պատասխանը շարունակեց «բայց»-ով:

«Բայց եթե փաստ ունենք, դրանք եզակի փաստեր են, եւ եթե դատվածությունը հանվել է, մարվել է, կամ եթե նա մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկված չէ, օրենքով այդ տնօրենը կամ մանկավարժը կարող է շարունակել աշխատել եւ աշխատում է»:

Back to top button