Նորապատի դպրոցում փորձնական արեւմտահայերեն կդասավանդվի


Նոր ուսումնական տարվա նախաշեմին Արմավիրի մարզում դպրոցների տնօրենների օգոստսյան խորհրդակցությունում կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Հանրակրթական բոլոր դպրոցների դռները բաց են լինելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առջև, բացառությամբ՝ երեք կատեգորիաների, որոնց համար նախատեսված է հատուկ ուսուցում:
Նոր ուսումնական տարվա շեմին սովորաբար ամփոփվում է նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքը: Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը ներկայացրեց կրթության ոլորտի հաջողություններն ու բացթողումները: Նախորդ ուսումնական տարում հիմնական կրթության գերազանցության նմուշի դիպլոմ է ստացել 46 շրջանավարտ, գերազանց առաջադիմությամբ են սովորել 4875 աշակերտ:
Կրթական ոլորտում կազմակերպված տարբեր միջոցառումներում մարզի դպրոցների աշակերտներն ունեցել են մեծ հաջողություններ, արժանացել են պարգևների և դիպլոմների, իսկ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներ Բարսեղ Աթանյանն ու Շանթ Սարգսյանը «Ամենախելացին» հեռուստամրցույթի եզրափակիչ փուլի հաղթողներն են: Սրանց կողքին սակայն մարզի դպրոցները չեն փայլում վարկանիշավորմամբ:
Համընդհանուր ներառական կրթությունն այսուհետ պարտադիր պահանջ է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առջև բաց են լինելու հանրակրթական դպրոցների դռները, բացառությամբ նրանց, ովքեր ունեն հատուկ ուսուցման կարիք մասնագիտացված դպրոցներում:
«Կրթության մասին» օրենքի փոփոխությունները Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին ներկայացրեց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ կտարվի հատուկ աշխատանք, նրանց կօգնի նաև պետական բյուջեի հաշվին դպրոցներին տրվող նոր հաստիքով ուսուցչի օգնականը, յուրաքանչյուր 100 աշակերտին՝ մեկ օգնական հաշվարկով: Տասներկուամյա կրթությունը պարտադիր է: Հիմնական դպրոցի գրեթե 40000 շրջանավարտից մոտ 3000-4000-ը չի շարունակում ուսումը տարբեր պատճառներով:
«Մեր երեխաներին ուզում ենք տեսնել մրցունակ և մենք պետք է օգնենք նրանց շարունակելու ուսումը ավագ դպրոցներում, քոլեջներում կամ ուսումնարաններում»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը: Այս նպատակով առաջարկվեց ավագ դպրոցներում ստեղծել արհեստագործական հոսք: Այս առաջարկին արձագանքեց Այգեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը՝ նշելով՝ երեխաներին պետք է թույլ տալ նաև աշխատել և օգնել ընտանիքին:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել աշակերտների բացակայության վրա՝ բացահայտելով պատճառները:
Դպրոցներում ստեղծվելու են նաև հայրենասիրական դաստիարակության պատանի երկրապահի ակումբներ, մարզի 6 դպրոցում փորձնականորեն ուսուցանվելու է ազգային երգ ու պար: Վաստակած հանգստի անցած մանկավարժ Սուրեն Սարգսյանն առաջարկեց դպրոցներում շաբաթվա մեկ օրը հայտարարել արևմտահայերենի խոսակցության օր: Առաջարկը կարող է փորձարկվել Նորապատի միջնակարգ դպրոցում: