ԿարևորՏնտեսական

ՀՀ քաղաքացիների մեծ վարկերն ու դոլարային վարկերի նոր ռիսկերը

lianaeghiazaryan

Հայաստանի բնակիչների կեսից ավելի ունի վարկեր, ինչը չափազանց մտահոգիչ ցուցանիշ է, հայտարարում է Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը` հիմնվելով սեփական հարցումնրի վրա: Մեկ այլ մտահոգություն էլ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ունի: Հայաստանի վարկառուների 2/3-ի վարկերը դոլարով են, եւ, նրա խոսքով, փոխարժեքի վերջին կտրուկ փոփոխությունները չափազանց լուրջ հարվածի տակ են դնում դոլարային վարկեր ունեցողներին:  «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ Հայաստանի քաղաքացիների ուսերին ծանրացող վարկերի հիմնախնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում:

 

Հայաստանի բնակիչների կեսից ավելին ունի ընթացիկ վարկ, հուլիսին հանրապետությունում 1106 քաղաքացիների շրջանում իր մեկշաբաթյա հարցումներով պարզել է «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Հարցվածների 52 տոկոսն անձամբ կամ նրանց ընտանիքը ներկա պահին ունի ընթացիկ վարկ, ապառիկ գնում կամ գումար:

«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը նկատում է, որ սա շատ լուրջ ցուցանիշ է: Ընթացիկ վարկի ամենատարածված տեսակը հայաստանցիների շրջանում վարկով գումարն է, մարդիկ պարզապես վարկով փող են վերցրել: Հարցվածների 43 տոկոսն ապառիկ ապրանքների դիմաց է պարտք, 8 տոկոսը գյուղատնտեսական վարկ ունի, 6 տոկոսը` հիփոթեկային վարկ, 1 տոկոսն` ավտովարկ: Եւս 3 տոկոսն այլ վարկ է մարում:

«Այս 52 տոկոսը բավական մեծ տոկոս է, ընդ որում` մենք չենք տարանջատել` սրանք վարկեր են բանկերից, լոմբարդներից, թե՞ այլ կառույցներից»,- ասում է «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Գելափի պատահական` դեմառդեմ հարցումներում ընդգրկված քաղաքացիների 85 տոկոսի դեպքում վարկը դրամով է, 26 տոկոսի դեպքում` դոլարով, 0.2 տոկոսի դեպքում` եվրոյով: Այս հարցում «Գելափի» հարցման արդյունքներն ու տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դիտարկումները տարբերվում են: Վերջինս «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտում է` Հայաստանի վարկառուների 2/3-ի վարկերը դոլարով են, եւ փոխարժեքի վերջին կտրուկ փոփոխությունները չափազանց լուրջ հարվածի տակ են դնում դոլարային վարկեր ունեցողներին` մարդկանց մի հսկա զանգվածի:

Հենց սա էլ իր հերթին է նոր լարվածություն ստեղծում արժութային դաշտում, գումար աշխատելու նպատակով դոլար գնողներին զուգահեռ ակտիվորեն դոլար են սկսում գնել նաեւ հենց այդ արժույթով վարկեր ունեցողները, ինչի հետեւանքով դոլարի քանակը նվազում է, գինը` բարձրանում, փոխարժեքի տատանումներն ավելի են մեծանում:

Տնտեսագետները մեկ անգամ չէ, որ հորդորում են Կենտրոնական բանկին` քայլեր ձեռնարկել դոլարային վարկերը դրամայինի փոխակերպելու ուղղությամբ: Իսկ մինչ այդ` տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նկատում է. «եթե մարդը դոլարով վարկ ունի, բնականաբար, նա պետք է դոլար կուտակի, որքան էլ փորձագետները այլ բան հորդորեն կամ կանխատեսեն: Բայց անգամ նման իրավիճակներում պետք է լինել ավելի կայուն ու չտրվել սպեկուլյացիաներին»։

Այս համատեքստում մեկ այլ խնդիր էլ բարձրաձայնում է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը: Նա հրատապ է համարում Կենտրոնական բանկի քաղաքականության փոփոխությունը: Գլխավոր դրամատունը վերաֆինանսավորման խիստ բարձր տոկոսադրույքով է բանկերի միջոցով փողը գործարարին հասցնում:

Այսօր 18-24 տոկոսանոց բիզնես վարկերը չափազանց թանկ են, որ դրանցով հնարավոր լինի եկամտով աշխատել: Մակարյանն էլ իրենց հարցումների վրա հիմնված դիտարկումներն է փոխանցում: Որքան էլ կառավարությունը խոսում է հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններին ֆինանսական հասանելիության ապահովման մասին, միեւնույն է` վերջիններս արդարացի դժգոհություններ ունեն: Կենտրոնական բանկի վրա ճնշում է պետք գործադրել, հայտարարում է Մակարյանը, հենց այստեղից պետք է սկսվի վարկերի տոկոսադրույքների նվազեցումն ու վարկային պայմանագրերի հստակեցումը:

«Կառավարությունը մի ձեռքով իրականացնում է բարեփոխումներ ՓՄՁ-ների համար, բայց մյուս կողմից, չկարգավորելով ֆինանսների հասանելիության խնդիրը, ստեղծում է թթվածնի պակաս: ԿԲ-ի վրա պետք է ճնշում գործադրվի բոլորիս, նաեւ կառավարության կողմից, որ ԿԲ-ն վերանայի իր քաղաքականությունը: Այսինքն` ռիսկերի կառավարման մեխանիզմներ պետք է ներդրվեն, բանկերն անընդհատ չպետք է ասեն, թե մենք բարձր ռիսկերի պատճառով ենք բարձր տոկոսադրույքներ առաջարկում: Պայմանագրերից խրթին կետերը, անհասկանալի մասերը պետք է հանվեն, պարզեցվեն»։

Back to top button