Հասարակություն

Հալիձորցի ուսուցչի ընտանեկան բիզնեսը

hasmikdilanyan

Երկիրը  գրավում են  ոչ միայն  հողերին տիրանալով,  այլ, որ  ամենակարևորն է,  բնակավայրերը դատարկելով: Արտագաղթ, այն էլ ոչ քիչ քանակությամբ, մեր երկրում կա:  Սրա մասին  բարձրաձայնում են  անգամ պաշտոնյաները: Ի դեպ,  նրանք փոքր -ինչ մեղմացնում են թվերը, հոռետեսական համարում  «արտագաղթի շատ բարձր տեմպեր»  բնութագրումը: Իսկ մենք՝   այս երկրի , այսպես ասենք,  դարդ  ու ցավին տեղյակ  քաղաքացիներս, շատ լավ  գիտենք, որ մարդիկ իսկապես հեռանում են  Հայաստանից: Սակայն այսօր կան նաև ընտանիքներ, որոնք մայրաքաղաքից շուրջ երեք հարյուր և ավելի կմ հեռավորության վրա, Սյունյանց աշխարհում ծվարած մի գյուղում  նախընտրում են   զբոսաշրջությունը զարգացնել:
Վերջերս   «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը  լրագրողական այց էր կազմակերպել Սյունիքի մարզ:

 

Տարիներ շարունակ   Հալիձորի  դպրոցում «Կենսաբանություն»  առարկա  դասավանդող Ջիվան Զորունցը  սոցիալական  շատ լավ պայմաններից չէր, որ որոշեց թողնել  սիրելի մանկավարժությունն ու  բիզնեսով   զբաղվել: Նա այն եզակիներից է, ով ոչ թե դժգոհում է սոցիալական ծանր պայմաններից,   այլ   ժամանակի մեջ շատ արագ կողմնորոշվում: Ու, երբ  հայտարարվեց, որ Տաթևում  ճոպանուղի է կառուցվելու և  Տաթևն էլ զբոսաշրջության  կենտրոն է դառնալու, որոշեց  իր տանը հյուրընկալել տարածաշրջան այցելող հյուրերին:

Երկհարկանի ու  դեռ չվերանորոգված  առանձատան դիմաց տասնամյակներ շարունակ անասնագոմն էր, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ  անասնագոմից հետք էլ չի մնացել: Այժմ  տարածքում եռահարկ, ժամանակակից դիզայնով  հյուրատուն է  կառուցված:   Հալիձորցի  Ջիվան Զորունցը հիշում է՝ կառուցման աշխատանքները երկու  տարի տևեցին։

Լրագրողական հետաքրքրութամբ տրված հարցին՝  որքա՞ն  գումար է ծախսվե»,  հումորով է պատասխանում, «Եթե իմանայի, որ նման հարց եք տալու, անպայման կհաշվեի»  Զրուցակիցս անկեղծանում է՝ հեշտ չի բիզնես սկսելը, ֆինանսական խնդիրները շատ են,վարկ չեն կարող վերցնել,  տոկոսադրույքներն էլ, մեղմ ասած, մխիթարական չեն, եկամուտն էլ  այնքան չէ, որ կարողանան իրենց  շռալյություն թույլ տալ ու բիզնեսը վարկով սկսել:

Մի բան, սակայն, հստակ էր՝ կենսաբանության նախկին ուսուցչիը հավատում էր՝  անպայման  հաջողության կհասնեն ու ոչ թե արտերկրում, այլ  սարերի ու լեռների մեջ ծվարած իրենց գյուղում:   Հալիձորի լազուր երկինքն անգամ  ամպրոպն ու կայծակը չեն պատրաստվում փոխել որևէ այլ երկրի արևի հետ:

«Երեխան դրսում էր աշխատում, մենք էլ՝ այգի էինք մշակում: Իրար միացրեցինք գումարներն ու նպատակասլաց աշխատանքներ կատարեցինք: Ես համոզված էի, որ եթե Տաթևի վանքն ամբողջ աշխարհը գիտի, հարակից «Տաթևեր» ճոպանուղին էլ հանրահայտ կդառնա: Զբոսաշրջությունը Տաթևում կզարգանա».- ասում է Ջիվանը Զորունցը:

Այսօր արդեն քառամյա տարիների հեռվից զրուցակիցս հպարտությամբ ասում է, որ չի սխալվել. երեք-չորս տարվա ընթացքում շուրջ 400 հազար զբոսաշրջիկ է այցելել Տաթևի վանք , նրանք եկել են, որ տեսնեն աշխարհի ամենաերկար ճոպանուղին, հպարտ է, որ հենց իր հյուրատանն են  հյուրընկալվել :

Աշխատելու համար միայն ֆինանսական խնդիրները չէին, որ խանգարում էին:  Հալիձորցի  գործարարը  լսել էր, որ եթե բիզնեսը որպես ընտանեկան  գրանցի, հարկային բեռը անհամեմատ թեթև կլինի: Հարկային բեռը թեթև է, սակայն ծանր էր բիզնեսը  գրանցելը: «Տարածաշրջանում առաջինն էինք  գրանցվում , անգամ հարկային տեսուչները չգիտեին, թե ինչպես են գրանցելու»,- ասում է Ջիվան Զորունցը,- Ոչ թե դիտմամբ էին այդ  խոչընդոտները, այլ իրենք էլ չգիտեին, թե ինչպես գրանցեն  «Ընտանեկան բիզնեսով» զբաղվողին:  Մի ամիս ուշացումով տվեցին ՀԴՄ մեքենան, չնայած, որ ես գումարը փոխանցել էի»,-  պատմում է զրուցակիցս:

Քաշքշուկները, սակայն, արդեն  անցյալում են, բարեբախտաբար հարկերը դեռ ցածր են: Բիզնեսը գրանցված է Ջիվան Զորունցի ու կնոջ՝   Ալվարդ Հակոբյանի անունով: Ընտանեկան է, յուրաքանչյուրի համար ամեն ամիս  հինգ հազար դրամ են  վճարում :

«Հարկերը շատ չեն, էդ հինգ հազար դրամները դժվար չի վճարելը : Դրա համար ձմռանը, եթե տուրիստ էլ չլինի, դիմում չեմ գրելու, որ բիզնեսը դադարեցնեմ:  Միշտ էլ հարկային դաշտում կլինեմ,որ  երբ հյուրեր ունենամ, արխային ճակատս բաց ընդունեմ՝  առանց վախենալու հարկային մարմինների աշխատողներից»:

Ամուսինները գյուղում են, աշխատանք ունեն, սակայն անհանգիստ են. 32-ամյա տղան արդեն  յոթ տարի է ՌԴ-ում է:Ծնողները համոզված են՝ որդու ապագան  ոչ թե արտերկրում է, այլ՝ հայրենի Հալիձորում:  Նրանց ցանկությունը մեկն է, որդին ի վերջո արտագնա աշխատանքից վերադառնա ու  հայրենի գյուղում ընտանիք կազմի:

Ծնողները հպարտությամբ են ընդգծում, որ իրենց հետ նաև որդին է համակարծիք:  Ավելին, վերադառնալու է ու հայաստանցի աղջկա հետ ամուսնանա: Մինչեւ կգա այդ բաղձալի օրը  Զորունց ամուսինները  կփորձեն  կարգի բերել  նաև իրենց տունը: Բարեկարգ սենյակներ, իսկ ավելի հնչեղ՝  հյուրատնային բիզնեսով զբաղվող  այս  զույգը բավականին լուրջ վերանորոգման կարիք ունեցող  տանն է   բնակվում՝  առաջնորդվելով «Նախ՝  հյուրերի համար» տրամաբանությամբ:

Back to top button