Հասարակություն

«Ոչ թալանին»-ը սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք կսկսի

lenabadeyan
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից սկսելու է անհնազանդության նոր ալիք: Առայժմ հավաքվելու են Բաղրամյան պողոտայի «Սիրահարների այգում»: Նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր հայտարարել են, որ հենց սկզբից առաջ քաշված 3 պահանջներից ոչ մեկն իշխանությունը չի կատարել, նույնիսկ խոստացված աուդիտը չի անցկացվում ՀԷՑ-ում եւ ավելին՝ նախաձեռնություն են սկսել դիմել ՓՄՁ ներկայացուցիչներ, ովքեր պնդում են. ՀԷՑ-ի աշխատակիցները ստիպում են նրանց փաստաթուղթ ստորագրել, թե գործարարները պատրաստ են վճարել էլեկտրաէներգիայի վարձը թանկացած սակագնով:

Քաղաքացիական ակտիվիստներն այսօր նաեւ կոչ են արել ՓՄՁ ներկայացուցիչներին չտրվել սադրանքներին եւ չստորագրել ոչ մի փաստաթուղթ:

Թե ինչպես են սեպտեմբերի 1-ից հետո զարգանալու իրադարձությունները երիտասարդները դժվարանում են պարզաբանել: Նույնիսկ փողոցները փակելու առումով նշում են, որ ոչինչ բացառված չէ: Չեն վախենում նաեւ սպասվող ճնշումներից: Ասում են՝ պատրաստ են գնալ մինչեւ վերջ, մինչեւ չեղարկում:

Ասում են, որ Հանրապետությունում տիրող սոցիալ-հոգեբանական վիճակից ելնելով ոչ մի հիմնավորում չի կարող իրենց համոզել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն անհրաժեշտ է:

Ի դեպ, եթե նախկինում «Ոչ թալանին» նախաձեռնությունը բացառապես քաղաքացիական էր, ապա այս անգամ նրանք պատրաստվում են նաեւ քաղաքական որոշ պայքարի: Այդպես օրինակ հայտարարում են, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդունելի չէ իրենց համար:

Back to top button