Հասարակություն

ՄԱԿ-ի նոր զեկույցը  Հայաստանի դեմոգրաֆիկ նոր խնդիրների մասին է զգուշացնում

lianaeghiazaryan

Հայաստանի բնակչությունը 2100 թվականին  կկազմի 1.7- 1,8 միլիոն, ընդ որում` սա ՄԱԿ-ի լավատեսական կանխատեսումն է: Ամենավատ կանխատեսմամբ` 85 տարի անց կունենանք 1 միլիոնից էլ պակաս բնակչություն: Այսօր ՄԱԿ-ի վերջին զեկույցում ներկայացված կանխատեսումների շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացրել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ու ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Վերջինս փոքր-ինչ վերապահումով է մոտենում այս հաշվարկների մեթոդաբանությանը, բայց որ ներկայիս ռիսկային գործոնները մտահոգիչ ապագայով են սպառնում, բանախոսները կասկածի տակ չեն դնում: Եգանյանը շեշտել է` տարեկան շուրջ 30 հազար մարդու արտահոսք ունենք, և այս թիվն աճելու միտում ունի, ուստի այս կանխատեսումները հնչում են որպես նախազգուշացում:

 

 

ՄԱԿ-ի վերջին զեկույցն ու կանխատեսումները լուրջ քննարկումների թեմա են դարձել: Սրանք կանխատեսումներ են առաջիկա մի քանի տասնամյակի` ընդհուպ մինչեւ 85 տարվա համար: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն առանձնացնում է կանխատեսված ցուցանիշերից ամենաուշագրավները: Այսօր աշխարհում 7.3 մլրդ մարդ է ապրում, 2100-ին այս թիվը կհասնի 11.2 մլրդ-ի: Ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան` գրեթե կրկնակի` բնակչության թվով հասնելով 4.4 մլրդ-ի: Ներկայիս բնակչության ամենամեծ թիվն ունեցող Ասիան իր դիրքերը կսկսի զիջել: Եվրոպայի բնակչությունն էլ կպակասի` շուրջ 646 մլն-ի հասնելով, իսկ մյուս աշխարհամասերում փոքր աճ կլինի: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ՄԱԿ-ի հաշվարկով 2100թ. Հայաստանը ընդամենը 1.7-1.8 միլիոն բնակչություն կունենա, Ադրբեջանը` 9.5 միլիոն` ներկայիս 9.7 մլն-ից, Իրանն ու Թուրքիան կմնան մեծ երկրներ` բնակչության թվաքանակի շատ փոքր նվազմամբ: Այս կանխատեսումները 2013-ի կանխատեսումներից առանձնապես չեն տարբերվում: Միտումները պահպանվում են, նկատում է Գարիկ Հայրապետյանն ու շեշտում` հենց միտումների պահպանումն էլ սպառնալից է Հայաստանի համար:

Ծնելիություն, ծերացում, միգրացիա, սրանք այն գործոններն են, որոնցով ՄԱԿ-ը պայմանավորում է բնակչության հետագա զարգացումը: Գարիկ Հայրապետյանը մի կարեւոր դրվագ էլ է առանձնացնում` եթե մենք այսօր ունենք մոտ 5.4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ անձի, ապա 2100-ին ամենալավատեսական սցենարով անգամ կունենանք 2.4 աշխատող` կրկնակի պակաս ցուցանիշ, իսկ վատատեսական սցենարով` մեկ կենսաթոշակառուին կաջակցի մեկ աշխատող: Սա կբերի սոցիալ-տնտեսական չափազանց ծանր բեռի, ինչը ոչ բարեկեցիկ, ոչ էլ արժանապատիվ կենսաթոշակային տարիք ապահովել չի կարող: Հենց սրա բերումով են շեշտադրվում կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում:

Այսօրվա կենսաթոշակային համակարգը վաղը հաստատ չի աշխատելու, հայտարարում է Գարիկ Հայրապետյանն ու   նվազման մասին մի կանխատեսում էլ է փոխանցում` գնացող-ետ չեկողների մասին: Ծնելիության անկման պայմաններում բնակչության աճի բրգաձեւ կառուցվածքը սյունի կնմանվի:

86.5 տղամարդ 100 կնոջ հաշվով, այսօրվա սեռային համամասնությունն է Հայաստանում, բայց ողջ բնակչության հաշվով, իսկ  0-19- տարիքային խմբում տղաները լրջորեն գերակշռում են` 11.4 տոկոսով: Սա ժողովրդագրական մեկ այլ լուրջ խնդրով է սպառնում, ինչի համատեքստում էլ շեշտվում է հղիությունների` սեռով պայմանավորված ընդհատումների անթույլատրելիությունը: Որքանով են իրատեսական ՄԱԿ-ի այս կանխատեսումները: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն նախ շեշտադրում  է դրանց պայմանական լինելը ու հիշում` շատ կանխանկարներ տարբեր երեւույթների բերումով փոխվում են, հաճախ իրականությունը շտկում է մտահոգիչ վիճակը: Այնուամենայնից, նա արտառոց որեւէ բան չի տեսնում թվերի կամ երեւույթների մեջ: Վերջին տասը տարվա Եգանյանն էլ իր կանխատեսումներն ունի, որոնք Հայաստանի բնակչության թվաքանակի մասով գոնե լավատեսական չեն:

Այս կանխատեսումներին պետք է վերաբերել որպես նախազգուշացում, որոնք նոր անելիք են պարտադրում: հայտարարում է մասնագետը, Ռուբեն Եգանյանը որոշակի  Վերապահում ունի Ադրբեջանի մասով կանխատեսումների առումով, քանի որ կասկածում է այդ երկրի վիճակագրության ճշգրտությանը: Ամեն դեպքում նրանց բնակչության թվաքանակը մերից անգամներով ավելի է ու այդպես էլ շարունակվելու է: Իսկ Հայաստանից տարեկան նվազագույնը 30 հազար մարդու արտահոսք ունենք, եւ հենց սա է շարունակելու կանխորոշել մեր բնակչության հետագա թվաքանակի նվազումը անգամ ծնելիության որոշակի աճի պայմաններում:

Back to top button