Հասարակություն

Նախագահը հյուրկնկալեց լավագույն աշակերտներին

alisagevorgyan

Ձևավորված ավանդույթի համաձայն` նախագահական նստավայրում այսօր ընդունել են  տարվա ընթացքում ուսման մեջ լուրջ  հաջողություններ գրանցած  աշակերտներին: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական  մրցույթի և «Մեղու» հայերենի մրցույթի  հաղթող,   մարզերում ու տարիքային  խմբերում  լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին, ինչպես նաև 2015 թվականի դպրոցականների միջազգային  օլիմպիադաների մեդալակիրներին այսօր  շնորհավորել է հանրապետության նախագահն ու նրանց հանձնել խրախուսական մրցանակներ։

 

«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և սիրված դպրոցական մրցույթն է, որն անցկացվում է 63 երկրներում: Մաթեմատիկայի միջազգային այս մրցույթին  արդեն յոթերորդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հայաստանը և 5-րդ տարին անընդմեջ՝ Արցախը:

Հայ երեխաներն այս տարի մրցույթում աննախադեպ արդյունք են ցուցաբերել: Ունենք չորս հաղթող , ինչպես նաև 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյուք:

«Այբ» հիմնադրամի  նախաձեռնությամբ 2014 թվականից Հայաստանում անցկացվում է ևս մեկ զանգվածային մրցույթ՝ «Մեղու. Հայերենը բոլորի համար» խորագրով: Մրցույթի արդյունքներով այս տարի հաղթող է ճանաչվել երեք աշակերտ: Լավագույն արդյուք է ցուցաբերել ավելի քան 700 աշակերտ:

Հիշյալ երկու մրցույթներում հաղթած, մարզերում ու տարիքային  խմբերում  լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներհը, ինչպես նաև 2015 թվականի դպրոցականների միջազգային  օլիմպիադաների մեդալակիրներն այսօր հյուրընկալվել էին նախագահական նստավայրում:

«Մեր պետական բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին՝  մեր պաշտպանությանն ու կրթությանը: Վստահ եղեք, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայի, որպեսզի դուք ստանաք գիտելիքներ:  Գիտելիքը բարիք է և այն պետք է օգտագործվի բարի նպատակներով»,- ընդգծեց նախագահ Սարգսյանը:

Նրա բնորոշմամբ՝ մեր ուժը ոչ թե բնության բարեհաճությամբ տրված օգտակար հանածոներն են, այլև այսպիսի երեխաներն ու երիտասարդները: «Նման երեխաներն են Հայաստանի ապագան և մեր օրերի իրական պարծանքը»,- նախագահի տեսակետն իր խոսքում վերահաստատեց նաև կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Վերջին տարիների կայուն հաղթանակներն ու հաղթանակների աճը միջազգային օլիմպիադաներում, ըստ Աշոտյանի, հերքում է այն թյուր տեսակետը, թե հայ երեխաների հաջողությունները  զուտ պատահականության արդյունք էին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին նախագահն առաջարկեց մշակել  հայեցակարգ, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը։

Back to top button