Տնտեսական

Դրամը մինչեւ տարեվերջ անխուսափելիորեն կարժեզրկվի. նավթային «անեծքը» շարունակում է ազդել

lianaeghiazaryan
Դեպի ուր եւ դեռ ինչքան ներքեւ կգլորվեն նավթի գներն ու համաշխարհային շուկայում բիզնեսի տրամադրությունը որոշող չինական յուանի եւ ռուսական ռուբլու փոխարժեքները: Տնտեսագետները տարատեսակ մեկնաբանություններ ունեն, բայց, այնուամենայնիվ, դրական սպասելիքներից շատ ռիսկեր ու անորոշությություններ են կանխատեսվում: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը համոզված է` դրամը մինչեւ տարեվերջ անխուսափելիորեն կարժեզրկվի` հասնելով 1 դոլարի դիմաց 520-540 դրամ հարաբերակցության, կենտրոնական բանկի ձեռագիրն է այդպիսին: Բայց, այսքանով հանդերձ, Խաչատրյանը հորդորում է չտրվել դոլար գնելու մոլուցքին ու սպեկուլյացիայի չգնալ: Դոլարային վարկ ունեցողների` դոլարի կարիքն առանց այն էլ խնդրահարույց է, շեշտում է տնտեսագետը:

 

Չինական յուանի եւ ռուսական ռուբլու արժեզրկումը շղթայական ռեակցիա է առաջացրել արժույթի համաշխարհային շուկայում: Հենց դրա հետևանքով անկում է սպասում եւս 10 համաշխարհային արժույթի, այդ թվում նաեւ նախկին խորհրդային մի շարք երկրների արժույթներին: Նման վերլուծությամբ ու ռիսկերի կանխատեսմամբ է հանդես եկել Բլումբերգ հեղինակավոր կազմակերպությունը` մեկնաբանելով` ռուսական ռուբլու շարունակական թուլացումը այդ երկրների համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում Ռուսաստանի հետ առևտրում:  Ռիսկի գոտում հայտնված արժույթների թվում Bloomberg-ը նշում է նաև հայկական դրամը և շեշտում` վերջին 12 ամիսներին դրամն արժեզրկվել է 15 տոկոսով, այն դեպքում, երբ ռուսականի անկումը 50 տոկոսին է մոտենում: Շղթայական ազդեցությունը գնահատելով` Բլումբերգը հայտարարում է` ղազախական տենգեի 26 եւ ավելի տոկոսով անկումը կարող է հանգեցնել նաև Տաջիկստանի և Թուրքմենստանի ազգային արժույթների արժեզրկմանը: Տենգեին արդեն հետևել է ղրղզական սոմի անկումը դոլարի նկատմամբ՝ հասնելով հանրապետության ամբողջ պատմության ընթացքում իր նվազագույն արժեքին: Ադրբեջանն ու Վրաստանն արժեզրկել են իրենց արժույթները նախորդ տարի, մինչդեռ մյուս երկրները, մասնավորապես` Հայաստանը, Տաջիկստանը, Մոլդովան և Մոնղոլիան, մնում են վտանգավոր գոտում, կարծում են Bloomberg-ի փորձագետները: Արժութային շուկայի վայրիվերերումները դեռ անցյալ տարեվերջին խուճապային տրամադրություն առաջացրին Հայաստանում: Տնտեսագետներն այսօր էլ հորդորում են չտրվել դոլարային փոխարժեքի շուրջ սրվող զարգացումներին: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն է զրուցակիցս:

«Այս պահի դրությամբ պիկը, արժութային ցնցումը կարելի է ասել հաղթահարվել է, բայց համաշխարհային տնտեսության մեջ կկրկնվի սա, թե ոչ , դժվար է ասել: Պարզապես չպետք է տրվել սպեկուլյատիվ խաղերին»:

Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի արժույթի անկման պայմաններում հայկական դրամի փոխարժեքի պահպանումը խիստ թանկ է նստում Կենտրոնական բանկի գրպանին: «Կենտրոնական բանկը վախենում է արժեզրկել դրամը, որովհետեւ, ըստ էության, արտաքին պարտքի մեծացման հետևանքով կավելանան նաև արտաքին վճարումները: Բայց մյուս կողմից հայկական դրամի բարձր փոխարժեքը խիստ բացասաբար է ազդում հայկական բիզնեսի ներմուծման-արտահանման վրա. հայկական արտադրանքը ռուսաստանյան շուկայում շարունակ թանկանում է, իսկ ռուսաստանյան արտադրանքը հայկական շուկայում իր ցածր գնով ներքին արտադրողին զրկում է մրցակցության հնարավորություններից: Դրամի ներկայիս փոխարժեքը խնդիրներ է առաջացնում նաև հայաստանցի միգրանտների համար: Դրամի փոխակերպելիս նրանց աշխատած ռուսական ռուբլին արժեզրկվում է, ինչն էլ կրճատում է Հայաստանում մեծ թվով մարդկանց սպառողական հնարավորությունը: Չափազանց լուրջ հարվածի տակ են դոլարային վարկեր ունեցողները, իսկ Հայաստանի վարկառուների 2/3-ի վարկերը դոլարով են, շեշտում է Վիլեն Խաչատրյանը: Տնտեսագետը դոլար-դրամ փոխարժեքի մասին սեփական կանխատեսումն ունի: Դրամը կշարունակի արժեզրկվել, ասում է ու բացատրում`

«Մեր կենտրոնական բանկը սովորաբար նախընտրում է կուրսը պահել, պահել ու մեկ քայլով միանգամից արժեզրկել:  Իսկ այդ քայլը կարող է լինել 40-60 դրամանոց: Հայկական դրամի փոխարժեքը 1 դոլարի դիմաց 520-540 դրամ հարաբերակցության կհասնի մինչեւ տարեվերջ, սա անխուսափելի է»:

Իսկ ռուսական РБК գործակալությունը համեմատել է այն երկրների արժույթները, որոնք առավել մեծ կախվածության մեջ են նավթի արտահանումից: Զրուցակիցս արձանագրում է` նավթն այժմ իր պատմական նվազագույն գինն ունի: Էներգակրի գների հետագա վայրիվերումների ուղղությունը պարզ կդառնա, երբ ԱՄՆ-ն հրապարակի նավթային պահուստների վիճակագրությունը: Եթե պահուստները նվազած լինեն, հնարավոր է նավթի գների բարձրացում, եթե ոչ` նավթի էժանացումը կշարունակվի: Իսկ մինչ սա կպարզվի, շատ տնտեսագետներ արժութային համաշխարհային շուկայում ստեղծված այս աժիոտաժին մեկ անուն են տալիս` նավթային անեծք ու սպասում են դրա հետագա ազդեցությանը, որը շատերին անկասելի է թվում:

Back to top button