Հասարակություն

ԱՆ մասնագետների խորհուրդները՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

lenabadeyan
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ այսօր խորհուրդներ են տվել Առողջապահության նախարարության մասնագետները՝ դպրոցականների առողջական վիճակին ճիշտ հետեւելու համար: Ծնողներին բազմաթիվ խորհուրդներ են տալիս, օրինակ՝ արդեն այսօրվանից սովորեցնել առավոտյան արթնանալու ռեժիմին, ինչպես նաեւ ճիշտ հիգիենային եւ ճիշտ սնվելուն:

 
Այսօր քչերն են տեղյակ, որ Առողջապահության նախարարությունում կան հաստատված նորմատիվներ, ասենք՝ դպրոցականի պայուսակի քաշի: Առողջապահության ոլորտի  մասնագետները հաշվարկել եւ սահմանել են թե որ քաշը չի վնասի երեխային, կրթական համակարգի մասնագետներն ընդհակառակը՝ աշակերտներից պահանջում են բոլոր դասագքրերի եւ տետրերի առկայություն, որեւէ մեկը ստուգումներ չի անցկացնում եւ այսօր միայն ծնողներին են կոչ անում իրենց ակտիվությամբ պայքարել նորմատիվների պահպանման համար: Դպրոցականի ծնողն ամեն օր դասավորելով երեխայի պայուսակը չգիտի, որ ըստ նորմատիվի՝ դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10 տոկոսը: Դատարկ պայուսակը՝ տարրական դացարաններում սովորողների համար 600-700 գրամից չպետք է գերազանցի, իսկ միջին եւ բարձր դասարաններում սովորողների համար սահմանված է մինչեւ 1 կիլոգրամ: Սա արվել է ողնաշարի տարատեսակ ծխռությունները եւ խախտումները կանխարգելելու համար:

Խնդրի այլ լուծում առայժմ չկա, ասում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կետրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

Այսօր մասնագետները նաեւ խորհուրդ էին տալիս ծնողներին երեխաներին սովորեցնել ճիշտ հագնվել, ճիշտ հետեւել հիգիենային եւ ճիշտ սնվել: Հենց այստեղ էլ հերթը հասավ վերջին շրջանում տարբեր հաստատություններում գրանցված թունավորումների դեպքերին: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանն այս առումով պարզաբանեց.

«Մարզերում ունեցանք նման դեպքեր, եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին,  որ այս դեպքերը հիմնականում պայմանավորված էին սննդային գործոնով, եղան նաեւ կենցաղ-կոնտակտային փոխանցման դեպքեր: Եթե երեխաներին սովորեցրած լինեին հաց ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, նման դեպքեր չէին լինի»:

Նշելով, որ հարցը դուրս է Առողջապահության նախարարության լիազորություններից, մասնագետը նշում է, որ դրանով պետք է զբաղվի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Back to top button