ԿարևորՔաղաքական

ՎՀ. Սահմանադրության փոփոխությունները չեն խոչընդոտի ժողովրդավարությանը

lenabadeyan

Երեկվանից Հայաստանում են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Սահմանադրական բարեփոխումների տեքստը քննարկելու, իրենց առաջարկները ներկայացնելու համար: Երեկվանից նրանք հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարների եւ քաղաքական ուժերի հետ: Այսօր ընդլայնված քննարկում էր կազմակպվել ԵՊՀ-ում՝  քաղաքական ուժերի, ՀԿ ներկայացուցիչների եւ այլ հետաքրքրվածների մասնակցությամբ: Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպումից հետո առաջին տպավորությունն այն է, որ թեեւ նրանք ունեն որոշ վերապահումներ եւ առաջարկներ, բայց սահմանադրական փոփոխությունների նախագիծը նրանց համար անընդունելի չէ: «Եթե Սահմանադրությունը որեւէ կերպ խոչընդոտում է ժողովրդավարական գործընթացը, մենք կարող ենք արձագանքել, բայց այս նախագծի վերաբերյալ նման որակում տալ չենք կարող»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը:

 

 

Վենետիկի հանձնաժողովի անդամներն իրենց հետ Երեւան չեն բերել հաշվիչ կամ չափիչ սարք, ուստի չեն կարող չափել եւ ասել, թե քանի տոկոսով է սահմանադրական փոփոխությունների նախագիծը համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Թվերով խոսելու պատասխաններից այսպես խուսափեց Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարթերը: «Ասում է, թե կարող են հղում անել ժողովրդավարացման մակարդակին: Եթե Սահմանադրությունը որեւէ կերպ խոչընդոտում է ժողովրդավարական գործընթացը, կարող ենք արձագանքել: «Բայց այս նախագծի վերաբերյալ նման որակում տալ չենք կարող>,- նշում է եվրոպացի փորձագետը:

Նախագծում կան կետեր, որոնք Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատում, կան նաեւ էական փոփոխությունների ենթակա կետեր: Արդյո՞ք նոր սահմանադրությունը երաշխավորելու է, որ Հայաստանում ժողովրդավարությունը նոր մակարդակի անցնի:

Քրիսթոֆ Գրաբենվարթերն ասում է, թե չեն կարող Սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան՝ այսօր: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մեկնաբանվում հայտարարությունները:

Եվրոպացի փորձագետը նշում է, որ ամեն մի կուսակցություն կարող է յուրովի մեկնաբանել Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած տեքստը, «Բայց մենք՝ ինքներս, չեն կատարում եզրակացություններ եւ չենք փորձում մեր ասածները համապատասխանեցնել ձեր քաղաքական պարամետրերին եւ ձեր քաղաքական լեզվին»,- ասում է եվրոպացի փորձագետը:

Ի դեպ՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ասում են, որ շատ լավ տեղեկացված են եւ գիտեն Հայաստանում քաղաքական դաշտում առկա վտանգների մասին: Հատուկ ընդգծում են, որ չեն օրինականացնում որեւէ առանձնահատուկ քաղաքական շարժում, սակարկությունների չեն պատրաստվում եւ որեւէ գաղտնի օրակարգ չունեն: Գիտակցում են նաեւ, որ իրենց հնչեցրած կարծիքները պարզապես խորհրդատվական բնույթ ունեն եւ իրենց ձեռքերում չէ, թե հետո ինչ  է տեղի ունենալու այդ կարծիքի հետ:

Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցությունների հետ հանդիպմանը, ապա Հայաստանի քաղաքական ուժերը հիմնականում դժգոհում էին «կայուն մեծամասնություն» ձեւակերպման եւ կարգի, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ կազմակերպելու պայմանների դեմ: Մեկ հետաքրքիր փաստ եւս Վենետիկի Հանձնաժողովի առաջարկների մասին: Նրանք առաջարկություններում նշել էին Սահմանադրության փոփոխությունների նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածների մասին, որ դրանք չպետք է ընկալվեն որպես միասեռ ամուսնությունների արգելք:

Այսօր էլ՝ լրագրողների հետ հանդիպմանը, Քրիսթոֆ Գրաբենվարթերը նշեց. «Մեր մեկնաբանությունը հոդվածի վերաբերյալ որեւէ կերպ ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը: Դա պարզապես եւս մեկ տեղեկատվություն է հայկական իշխանություններին, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Այս պահին դա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»,- ասում է Վենետիկի Հանձնաժողովի անդամը:

Ի դեպ՝ ընդլայնված քննարկման ժամանակ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչն արեց այնպիսի մի հայտարարություն, որը փաստում է՝ ժողովրդավարության համար կարեւորը կառավարման համակարգը չէ: Քրիսթոֆ Գրաբենվարթերի համոզմամբ՝ «եթե ընտրությունները արդար են, ապա էական չէ ընտրակարգը»: Փորձագետը հավելեց, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի կարող ստանալ ժողովրդավարացմանը խոչընդոտող որակում:

Փոփոխությունների վերջնական տարբերակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը կտա իր եզրակացությունը հոկտեմբերի վերջին, երեւի 26-28-ին: Իսկ մինչ այդ ՝ սեպտեմբերի կեսերին, կլինի հանձնաժողովի նախավերջին գնահատականը:

 

Back to top button