Հասարակություն

ՀՀ ԶՈւ թիմը մրցանակային տեղեր է նվաճել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթում

Օգոստոսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի Հանրապետության Ժամբիլյան մարզի «Օթար» բնակավայրի մերձակայքում գտնվող զինավանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի զինծառայողների «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտություններն ու բանիմացությունն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինվորական», «Էրուդիտ», «Զինվորական ասպետ» և «Ատլետ-մարտիկ» անվանակարգերում: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀՀ ԶՈւ հավաքական թիմը մասնակցել է բոլոր անվանակարգերում անցկացված մրցումներին՝ աչքի ընկնելով բարձր կատարողական վարպետությամբ և նվաճելով մրցանակային տեղեր:

Արձանագրված բարձր արդյունքները ևս մեկ անգամ հավաստում են հայ զինվորականի գիտելիքների, հմտությունների և ունակությունների բարձր մակարդակը, ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածությունը: Մրցույթի մասնակից զինծառայողներին ընդունել և արձանագրած բարձր ցուցանիշների կապակցությամբ շնորհավորել է Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը:

 

Back to top button