Վերլուծական

Կոալիցիա քրդերի հետ, բայց ավելի ագրեսիվացող քաղաքական դաշտ. Ռուբեն Մելքոնյանը` Թուրքիայի մասին

lianaeghiazaryan
Թուրքիայում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սա արդեն հստակ է:  Դրանք կկայանան նոյեմբերին, իսկ ամսաթիվը կորոշվի արդեն առաջիկայում: Քաղաքագետները Թուրքիայի` վերջին երկու տարիների կյանքում ստեղծված իրավիճակն աննախադեպ են համարում` այս համատեքստում շեշտելով հատկապես այն, որ այս շաբաթ Թուրքիայում ժամանակավոր կառավարություն է ձևավորվելու` կոալիցիա քրդերի հետ: Պատմաբան Ռուբեն Մելքոնյանը վստահ է` Էրդողանը կփորձի հնարավորին չափ քիչ ձայներ թողնել քրդական կուսակցությանը` այսպիսով որոշակի լուծում տալով իր թիվ մեկ օրակարգային հարցին` օրեցօր սրվող քրդական խնդրին:

 

 

Այս շաբաթ Թուրքիայում ժամանակավոր կառավարություն է ձևավորվելու: Տեղեկությունների համաձայն` սպասվում է, որ շաբաթվա ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կունենա խորհրդարանի խոսնակի հետ` խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ, որոնք  նախատեսվում են նոյեմբերին: Ընտրություններին, ամենայն հավանականությամբ,  չեն մասնակցի երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները` Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու Ազգային շարժումը: Միջազգային լրատվամիջոցները սակայն շեշետում են` Թուրքիայում ժամանակավոր կառավարությունը կձեւավորվի «Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ: Սա, շեշտենք, քրդամետ քաղաքական ուժ է, եւ կոալիցիան դրա հետ աննախադեպ է:

Պատմաբան Ռուբեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայում կայանալիք ընտրություններին և թուրք-քրդական հակասություններին: Թուրքիայի Սահմանադրությունը պահանջում է, որ ամենաշատ ձայներ ստացած ուժը փորձի կոալիցիա ձևավորել, և, հետևելով այդ իրավական նորմին, տեղի են ունենում բանակցություններ»,- ասաց պատմաբանը` հավելելով, որ Թուրքիայում անցկացվող բանակցություններն ի սկզբանե տապալված են: «Կողմերի միջև քաղաքական ու գաղափարական կարևոր հակասություններ կան»,- բացատրեց նա, իսկ ամենաշատ ձայներ ստացած ուժի դե ֆակտո լիդերը` Թուրքայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բոլորովին այլ քաղաքական նկրտումներ ուներ, և, բացի միանձնյա կառավարման ձևավորումից, ցանկացած այլ տարբերակ նրա համար անընդունելի է: «Թուրքիայի քաղաքական դաշտն ավելի է ագրեսիվանում»,- նկատեց Մելքոնյանը:

Սա նաեւ խոսում է այն բանի մասին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր լիդեր Դավութօղլուն չունի խարիզմատիկ լիդերին բնորոշ հատկանիշեր ու իր ընտրական պայքարը չկարողացավ տարբերակել դասախոսությունից:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակը հենց սկզբից ճգնաժամային էր, նկատում է պատմաբանն ու սեփական կանխատեսումները ներկայացնում: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից ավելի ձայներ է հավաքելու մի քանի անգամ և դրա համար որևէ բան չի խնայելու: Թուրքական իշխանությունների կողմից հիմա ակտիվ հակաքարոզչություն է տարվում, ինչի շրջանակներում տեղավորվում է նաև հայ համայնքը, Թուրքայում ապրող հայությունը: Իսկ մինչ քաղաքագետները քննարկում են Թուրքիայում ստեղծված լարված, որոշ բնորոշումներով` ճգնաժամային քաղաքական վիճակը, որոշ լրատվամիջոցներ շտապում են համեմատություններ անցկացնել` մեջբերելով  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության` Իմրալի բանտում ցմահ ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի այս հայտարարությունը` Թուրքիայում իրադրության վերահսկողությունից դուրս գալու դեպքում նախագահ Թայիփ Էրդողանը կարող է արժանանալ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի ճակատագրին:

Back to top button