Տնտեսական

Հոսանքի թանկացումը նոր բեռ է դառնալու ՓՄՁ-ների համար. տնտեսագետ

lianaeghiazaryan
ՓՄՁ-ների մասով կառավարության ծրագրերն ավելի շուտ ոչ թե բարեփոխման են նման, այլ բորշչ եփելու: Համեմատությունը «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանինն է, «ով ինչ ուզում է լցնում է, բայց ոչ համ կա, ոչ որակ», ասում է: 1 տարի հետո նորից ենք խոսելու ՓՄՁ-ների անկման նոր ցուցանիշերի մասին, մտահոգությամբ իր վստահությունն է փոխանցում Մակարյանն ու բացատրում`հոսանքի թանկացումը նոր բեռ է դառնալու: Իսկ իրենց հարցումների տվյալներով` հանրապետությունում եւ ոչ մի փոքր ու միջին ձեռնարկություն իր վիճակը գերազանց չի գնահատում, հակառակը` 81 տոկոսի վիճակն անբավարար է:

 

 

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` վերջին մեկ ու կես տարում միայն 13.500 փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել Հայաստանում: Մտահոգիչ այս ցուցանիշը «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը նորություն չի համարում, միայն նկատում է, որ հայրենի գերատեսչությունը դեռ մի բան էլ ավելին է ներկայացնում, քան իր մոտավոր հաշվարկներն էին: Փոքր ու միջին ձեռնարկությունների մասով կառավարությունը տարբեր խոստումներով ու ծրագրերով է հանդես գալիս, այնինչ բարեփոխումները ստացվում են չակերտավոր` ոչ թե արդյունքով, այլ հետեւանքով:

Գագիկ Մակարյանը վկայակոչում է մայրաքաղաքի ու մարզերի փոքր ու միջին բիզնեսի 170 ներկայացուցիչների շրջանում իրենց հարցումների արդյունքները:  Ի դեպ` հարցվածների 55 տոկոսը գործում է 10 տարուց ավելի, այսինքն` սրանք հասցրել են անցնել կառավարության վերջին 10 տարիների հայտարարած բարեփոխումների միջով: Մակարյանը հայտարարում է` ՓՄՁ-ների 50 տոկոսը պարզապես անբավարար է համարում իրենց մասով տարվող տնտեսական քաղաքականությունը: Որպես թիվ մեկ խնդիր նրանք նշում են ֆինանսական միջոցների անմատչելիությունը:

Մակարյանը շեշտում է, որ իր թվարկած գործոնները քաոսային են դարձրել ՓՄՁ-ների կյանքը, իսկ սա պարտադրում է դրանց մասով քաղաքականության փոփոխություն 180 աստիճանով, կոսմետիկ փոփոխություններից պետք է անցում արմատական փոփոխությունների: Որպես առաջնահերթ անելիք Մակարյանը մատնանշում է Կենտրոնական բանկի քաղաքականության փոփոխությունը: Գլխավոր դրամատունը վերաֆինանսավորման խիստ բարձր տոկոսադրույքով է բանկերի միջոցով փողը գործարարին հասցնում:

Այսօր 18-24 տոկոսանոց բիզնես վարկերը չափազանց թանկ են, որ դրանցով հնարավոր լինի եկամտով աշխատել: Սրան էլ գումարվում է խոշոր բիզնեսի ագրեսիվ վարքագիծը, ու վիճակագրությունը չի ուշանում փաստել` Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները փակվում են հազարներով: Ընդ որում` առավել խոցելի է առեւտրի ոլորտը: 53%-անոց հսկա անկում կա  այստեղ: Խոշոր սուպեմարկետները հեկտարներով չեզոքացնում են փոքր խանութներն ու վաճառքի կետերը` այդպես էլ որեւէ սահմանափակման չենթարկվելով: Գագիկ Մակարյանը եւս մեկ քայլ է կարեւորում` սնանկացող ընկերությանն առողջացման շանս տալ:

Գագիկ Մակարյանի մտահոգություններին այժմ ավելանում է եւս մեկը: ՓՄՁ-ների թվաքանակի ավելի մեծ անկում կարող է լինել հոսանքի թանկացման հետեւանքով: Դրանց վրա բեռն էլ ավելի է ծանրանում: Վերջին հարցումներով` ՓՄՁ ոլորտում ձեռնարկությունների 80% ավելին անբավարար վիճակում է: Ընդհանուր եկամտաբերության անկման, բնակչության ցածր գնողունակության ու ցածր վճարունակության պայմաններում բիզնեսը չի կարող իր ծախսերը ետ բերել գին բարձրացնելով: Սա էլ նվազեցնում է բիզնեսի եկամտաբերությունը, և փոքր բիզնեսը կրկին փակվելու վտանգի առաջ է կանգնում:

Փոխանցում է Մակարյան ու ավելացնում` «Ինչպե՞ս կարող են շարունակել դրանք գոյատևել: Հաջորդ տարի էլ կլսենք, որ շատերն էլի փակվել են: Ինչո՞ւ, որովհետև, որքան էլ զավեշտալի թվա, կառավարությունը բարեփոխումներ է անում»,-ասում է:

Back to top button