Հասարակություն

Հայաստանը ոչ թե թանգարան, այլ՝ լաբորատորիա՝ բաց երկնքի տակ

lenabadeyan
Հայաստանը ոչ թե թանգարան է բաց երկնքի տակ, ինչպես ընդունված է ասել, այլ՝ լաբորատորիա է բաց երկնքի տակ, ճշտում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Ասում է, որ հնագույն եկեղեցիներից բացի Հայաստանի տարածքում կան շատ ու շատ հետաքրքիր հնագիտական վայրեր: Հայաստանում արվող պեղումներով այսօր հետաքրքրված են եւ նույնիսկ մասնակցում են այդ պեղումներին մասնագետներ Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից ու Ավստիայից: Արշավախմբերը դիմել են Մշակույթի նախարարությանն ու արդեն թույատվություն են ստացել նոր՝ թվով 26 հնավայրերում պեղում ներ անցկացնելու համար:

 

Հայաստանում անցկացվող հնագիտական ուսումնասիրությունները անցյալ տարվանից մտել են նոր փուլ՝ գտածոների տարատեսակ ուսումնասիրություններին ավելացել է նորը՝ ԴՆԹ-ի անալիզները: Աշխարհահռչակ «Սայնս» ամսագրում վերջերս հրատարակվել է մի հոդված՝ ողջ Եվրասիայի բնակչության գենային պատմության մասին եւ այնտեղ արդեն ընդգրկվել են հայաստանյան ուսումնասիրությունների արդյունքները: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը սա շատ է կարեւորում, քանի որ այսպիսի ուսումնասիրությունները կունենան մի քանի հետեւանք:

Մինչ օրս զբոսաշրջիկների համար աղմուկ բարձրացրած եւ հետաքրքրություն առաջացնող պեղումների վայրերը փակ էին, այսօր արդեն դրանցից մի քանիսը հանրությանը ներկայացնելու ծրագրեր կան: Բայց ամենը նախ եւ առաջ կապված է ֆինանսավորման հետ:

Հայաստանն այն տարածքներից է, որտեղ միայն եկեղեցիներով չէ, որ հայոց պատմամշակութային ժառանգությունը կարող ենք ներկայացնել, ասում է հնագետը:

Վերջին երեք ամիսներին ընթացող պեղումների ամենատպավորիչ արդյունքներից մեկը կապված է Վիշապ քարակոթողների ուսումնասիրության հետ: Այդ պեղումներն ընթանում են Արագածի գագաթամերձ հատվածներում: Իսկ յուրահատկությունն այն է, որ Վիշապ-քարակոթողները Հայկական լեռնաշխարհի սահմաններում մոնումենտալ քանդակագործության ամենահին նմուշներից է:

Դրանցից ավելի հին եւ ավելի տպավոիչ քանդակագործության նմուշներ այս տարածնքներում դեռ չեն արձանագրվել: Հնագետն ասում է, որ ինչպես Վիշապ քարակոթողներն, ինչպես նաեւ խաչքարերը Հայկական լեռնաշխարհի առանձնահատկություններից են եւ որեւէ այլ տեղ չեն հանդիպում:

Back to top button