ՄՀՀ սեփականատիրոջ ներդրումային ծրագիրը Արամ Մանուկյանը խայտառակություն է համարում


Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակից մինչև Սահմանադրական բարեփոխումներ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել վերջին շրջանում հանրությանը հուզող հարցերի թոփ տասնյակի վերլուծություններով: «Մարզահամերգային համալիրի վաճառքից հետո անհայտ սեփականատերը քաղաքացիները անարգել ու անվճար Ծիծեռնակաբերդ այցելելու հնարավորություն է տվել»,- մեջբերումներ է ներկայացրել Մանուկյանն ու հիշեցրել ևս մեկ խայտառակ վաճառքի՝ Որոտանի ՀԷԿ-ի մասին: ՀԷՑ-ին, Նաիրիտի խնդիրներին ԱԺ պատգամավորը խոստացել է մանրամասնորեն անդրադառնալ աշնանը:
Օրերս կառավարության որոշմամբ վաճառված Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ի վաճառքը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խայտառակ է բնութագրում: Նա մանրամասնորեն ուսումնասիրել է իր իսկ ձևակերպմամբ անհայտ առևտրականի ներկայացրած ծրագիրը.«ՄՀՀ –ի վաճառքից հետո սեփականատերը քաղաքացիներին անարգել ու անվճար Ծիծեռնակաբերդ այցելելու հնարավորություն է տալու»,- կարդում է պատգամավորն ու շարունակում.
«Կարդում եմ ծրագիրը, որը խայտառակություն է, համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով, որը յուրաքանյչյուր ծնող ցանկանում է վայելել իր երեխաների հետ ու դարձնել երկար տարիների հիշողություն: Մեր կառավարումը կապ կհաստատի միջազգային համերգ կազմակերպող ընկերությունների հետ: Համերգային կենտրոնները պետք է ամրագրեն միջազգային գերաստղերի հետ: Մենք համոզված ենք, որ մոտ մեկ մլն այցելու կլինի Հայաստան…»: Եվ սա կառավարությունով անցած փաստաթուղթ է»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս նաև հայտարարեց, որ պետությունը մինչև ՀԷՑ-ում անցկացվող աուդիտի ավարտը, սուբսիդավորելու է միայն քաղաքացիների սպառած հոսանքի գնի ավելացած մասը: Ավելի պարզ, արտադրողները օգոստոսի մեկից վճարելու են նոր գնով: Արամ Մանուկյանի դիտարկումը լսենք.
«Ինչ է նշանակում բնակչության համար գնի ստուգում եմ անում, արդյունաբերության համար՝ ստուգում չեմ անում, մենք ընդհանուր գինն ենք բողոքարկել, ոչ թե իրեն ինչու ես թանկ տալիս, նրան էժան»:
Ստուգումներ ՀԷՑ-ում, Նաիրիտի հետգա ճակատագիր ու ոչ միայն: Սրանց մասին ավելի մանրամասն կխոսեն արդեն աշնանը:
Արամ Մանուկյանը հիշեցրեց՝ օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի նորագույն պատմության լավագույն էջերից մեկի՝ Անկախության հռչակագրի 25-ամյակը: Մանուկյանն է ի դեպ, 1990թ օգոստոսի 23-ին ընթերցել փաստաթուղթը: Արամ Մանուկյանի խոսքով, անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որը երբևէ որևէ՝ մեկի քննադատությանը չի արժանացել, անքննելի է ու անքննադատելի: Վերջին տասնհինգ տարիներին, ցավոք, այն անուշադրության է արժանացել: