Հրապարկվել է Ցեղասպանության տարիներին հայերի փրկած թուրքերի եւ քրդերի մասին զեկույց


Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը և Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի Գալուստեան/Մուգար ամբիոնը, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ նախաձեռնել են մի մեծ հետազոտություն` նպատակ ունենալով հավաքել տեղեկություններ այն թուրքերի և քրդերի մասին, որոնք օգնության ձեռք են մեկնել Հայոց ցեղասպանության զոհերին:
Հետազոտության հետ կապված այսօր հայտարարություն են տարածել Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր Բարուխ Թենեմբաումը։
«Մեզ համար մեծ պատիվ է մեր ուժերը միավորել աշխարհահռչակ թուրք պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամի հետ, ով ջանք չի խնայել` փորձելով իրար համապատասխանեցնել հայերի և թուրքերի պատմածները, ինչպես նաև Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության Սթրասլեր կենտրոնի նրա ամբիոնի հետ:
Սա յուրատեսակ փորձ է գտնելու և մեծարելու այն բազմաթիվ թուրքերին և քրդերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց հայ հարևաններին, մարդկության ամենամութ ժամանակաշրջաններից մեկում: Վալենբերգի հիմնադրամը նույնը անում է Հոլոքոստի հետ կապված: Չարիքի վրա կենտրոնանալու փոխարեն մեր ՀԿ-ն ձգտում է ընդգծել այն կանանց և տղամարդկանց համերաշխության ոգին, ովքեր հաճախ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը` մյուսներին փրկելու համար: Սա մեր պարտքն է այդ փրկիչների առջև և ամենից առաջ մեր պարտավորությունը երիտասարդ սերնդի առջև, որը պետք է տեղյակ լինի այս օրինակների մասին:
Այս առնչությամբ իրականացված հետազոտությունը մանրակրկիտ ձևով և ջանասիրաբար իրականացվել է մահմեդական (թուրքական և քրդական) նահանգներում, որտեղ տեղի են ունեցել ամենաշատ սպանությունները և որտեղ պատմությունների մեծ մասը սերնդե սերունդ են փոխանցվել բանավոր կերպով:
Ինչպես խոստացել էինք, ուսումնասիրությունը հիմա արդեն հրատարակված և ներկայացված է հանրության դատին, որպեսզի մասնագետները և հասարակ ընթերցողները կարողանան ծանոթանալ դրան և իրենց կարծիքը հայտնել:
Բարության ճանաչումը մեր առաքելության հիմնասյուներից է, և մենք վստահ ենք, որ այս մանրազնին ուսումնասիրությունը մեզ թույլ կտա նոր անուններ ավելացնել փրկիչների ցանկում»,- ասված է հայտարարության մեջ։
Զեկույցն ամբողջությամբ դիտել այստեղ