Հասարակություն

Ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման շրջանն ավարտելու համար

Հակառակ լրացուցիչ ցանքատարածություններին և շոգ եղանակային պայմաններին, որոնք մեծացրել են ջրի պահանջարկը, Ջրային պետական կոմիտեն մինչև օրս բավարարել է բոլոր հայտերը, իսկ առկա ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման ողջ շրջանն ավարտելու համար, ասված է կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության մեջ։

« Ջրամատակարարմանը զուգահեռ մշտապես իրականացվում են վթարարավերականգնողական աշխատանքներ, անգամ խոշոր վթարները (օրինակ՝ Կոտայքի և Ամբերդի ջրատարների) վերականգնվում են սեղմ ժամկետներում:

Հիմնական ջրամբարներում առկա ջրաքանակները, Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի օրենքով նախատեսված չափաքանակի մնացորդը, պոմպակայանների և խորքային հորերի ողջ հզորությունների օգտագործումը, ինչպես նաև ջրի արդյունավետ, օպերատիվ և նպատակային կառավարման մեխանիզմների կիրառումը հնարավորություն են տալիս թե՛ մեխանիկական, թե՛ ինքնահոս եղանակներով ապահովել առկա ջրապահանջը:

Բնակչության շրջանում առկա խնդիրներին, մտահոգություններին, առաջարկություններին արագ արձագանքելու նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքում բացված է թեժ գիծ (010-54-01-35), որին խնդրում ենք ուղղել բոլոր հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button