Տնտեսական

Չինական կողմը շահագրգռված է Իրան- Հայաստան երկաթգծով, ասում է տրանսպորտի նախարարը

arminegevorgyan

ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման խնդրին՝ տեղեկացնելով, որ հարցն իրենց ամենօրյա աշխատանքային ռեժիմի շրջանակում է, ինչի համար սեպտեմբերի վերջին այց է նախատեսվում Չինաստան:

Գագիկ Բեգլարյանը մանրամասներ չցանկացավ նշել՝ ասելով, որ ամեն ինչ կասի համաձայնության գալուց հետո: «Օրակարգում լինելու է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, մենք ունենք առաջարկներ շատ կազմակերպություններից, բայց երկուսն ենք առանձնացրել: Չինական կողմից առաջարկներ ենք ստացել երկաթգծի հետ կապված, ինչպես նաև հայտնել ենք մեր առաջարկների մասին:Բայց չինական կողմը շահագրգռվածություն ունի և իմ կարծիքով, լավ առաջարկներ են արել։ Ամեն դեպքում կքննարկենք կտեսնենք»,- ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը այդքան էլ շահագրգռված չէ, որ կառուցվի Իրան –Հայաստան երկաթուղին ու պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Ռուսաստանից պարբերաբար հայտարարությամբ հանդես չեն գալիս, մեկ հոգի է հանդես եկել, որի պատասխանը տրվել է, իսկ մեկ հոգու տեսակետը չի կարող արտահայտել Ռուսաստանի իշխանությունների տեսակետը:

Հիշեցենք,  որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը ասել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը արդյունավետ չէ:

 

Back to top button