Հասարակություն

Մեղրի եւ հատապտուղների այս տարվա փառատոնը՝ օգոստոսի 16- ին

karenghazaryan

Օգոստոսի 16-ին Բերդում կանցկացվի հերթական Մեղրի և հատապտուղների փառատոնը: Այդ առթիվ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ փառատոնը կխթանի գյուղական արտադրության սպառմանը, ինչպես նաև ուղղված է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը: Կազմակերպիչները կարծում են, որ ամենամյա փառատոնը նաեւ կնպաստի տուրիզմի և տեղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը:

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝  Մեղրի եւ հատապտուղների փառատոնը որոշ իմաստով պետք է համարել տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագրի բաղադրիչ: Այն կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ:

«Մենք ակնհայտորեն տեսնում ենք որոշակի զարգացում այն բոլոր ուղղություններով, որն ի սկզբանե դրված է փառատոնի առջեւ որպես նպատակ: Առաջինը՝ աճում է մեղրարտադրությունը եւ տեղի բնակչության հետաքրքրությունը ավանդական այս ճյուղի վերակենդանացման, զարգացման առումով: Մենք տեսնում ենք, որ տարեցտարի մեծանում է մասնակիցների թիվը»:

Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնի շրջանակներում նախատեսվում է մեղրի և դրանից պատրաստվող ուտեստների ներկայացում, հատապտուղների և դրանցից պատրաստվող ուտեստների և ըմպելիքների ներկայացում, ցուցադրություն և վաճառք: Փառատոնի ժամանակ ստեղծված կապերը օգնում են արտադրողներին՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելու իրենց արտադրանքի վաճառքը:

Փառատոնի աջակից «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով՝ Բերդի տարածաշրջանի համար կարող են հեռանկարային լինել թե հատապտուղների, թե մեղրի արտադրությունը՝ տնտեսական օգուտներ բերելով տարածաշրջանի բնակիչներին:

«Ճանաչելով սեփական իրական արժեքները՝ տուրք չենք տա օտարամոլությանը»,- համոզված է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նա կարծում է, որ նման փառատոները կարեւոր են նաեւ հենց երկրի ճանաչողության առումով

Back to top button