Հասարակություն

Հունվարի 1- ից անցնում ենք թվային հեռարձակման

karenghazaryan

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում հեռարձակումները թվայնացնելու մասին՝ տեղեկացնելով, որ հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են: Անալոգային հեռարձակումը կդադարեցվի հունվարի մեկից: Այդ ընթացքում թվային հեռարձակում ընդունելու հնարավորություն չունեցող հեռուստացույցների համար պետք է ձեռք բերվեն համապատասխան կցորդ սարքեր:

Թվային հեռարձակման ընդունման հնարավորություն չունեն երկու եւ ավելի տարի առաջ արտադրված հեռուստացույցները: Գրիգոր Ամալյանը վստահեցրել է, որ անապահով բնակչության համար կցորդ սարքերը կտրամադրվեն պետության միջոցներից՝ Սոցիալական ապահովության նախարարության տրամադրած տվյալների հիման վրա:

Թվային հեռարձակումները որակապես եւ հնարավորություններով էապես տարբերվում են անալոգայինից: Թվային հեռարձակումը տալիս է ինտերակտիվ հեռուստատեսության հնարավորություններ: Սա նշանակում է, որ, օրինակ, հեռուստադիտողը կարող է ընտրել, թե ինչ լեզվով է ցանկանում դիտել տվյալ հաղորդում, տեսնել կամ չտեսնել էկրանի վազող տողերը, որեւէ հաղորդման ժամանակ տեսնել լրատվական հաղորդման վազող տողերը եւ նման այլ հնարավորություններ:

Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ՝ թվային հեռարձակումը հնարավորություն կտա նոր հաճախային շերտեր ունենալ եւ դրանք եւս օգտագործել: Հունիսի 30-ից  կարելի է համարել, որ թվային հեռարձակման համակարգն ամբողջ հանրապետությունում ներդրված է:

212 հեռուստատեսային կայանից այս պահին հեռարձակում է իրականացվում: «ՀՀ-ում բնակավայրերի 99.5 տոկոսն արդեն գտնվում է թվային հեռարձակման ծածկույթում: Դա, ըստ բնակչության, 97.3 տոկոսն է կազմում: Արբանյակային ազդանշանի մատչելիության տեսակետից՝  100 տոկոսով մատչելի է ե՛ւ բնակավայրերի, ե՛ւ բնակչության համար»:

Երեւանում հեռարձակվող 18 հեռուստաալիք այժմ հասանելի է բնակավայրերի 24.1 տոկոսում՝ Արարատյան դաշտավայրում, ներառելով՝ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի եւ Արարատի մարզերի մի մասը: Մնացած բնակավայրերում, օրենքով նախատեսված կարգով, հասանելի է 9 հեռուստածրագիր, որից 8-ը մայրաքաղաքում հեռարձակվող, 1-ը՝ մարզային:

Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ՝ թվային հեռարձակման ապահովման համար կառուցվել է նախկինում գոյություն չունեցող 94 կայան, 150-ն էլ՝ վերաթարմացվել է նորացված տեխնիկական միջոցներով:

Անալոգային հեռարձակումը կդադարեցվի հունվարի մեկից: Այդ ընթացքում թվային հեռարձակում ընդունելու հնարավորություն չունեցող հեռուստացույցների համար պետք է ձեռք բերվեն համապատասխան կցորդ սարքեր: Այդ սարքերն արդեն շուկայում կան եւ արժեն 7-15 հազար դրամ: Մալուխային հեռուստատեսությունից օգտվողները դրա անհրաժեշտությունը չունեն:

Թվային հեռարձակման ընդունման հնարավորություն չունեն երկու եւ ավելի տարի առաջ արտադրված հեռուստացույցները: Գրիգոր Ամալյանը վստահեցրեց, որ անապահով բնակչության համար կցորդ սարքերը կտրամադրվեն պետության միջոցներից՝ Սոցիալական ապահովության նախարարության տրամադրած տվյալների հիման վրա:

«Կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն հայտարարել է անապահով խավերի համար կցորդ սարքերի ձեռքբերման մրցույթ: Կարող եմ վստահեցնել, որ խոստումը կամ վստահեցումը, որ տվել էր կապի եւ տրանսպորտի նախարարը իրականություն է դարձել: Կարող եք հանգիստ լինել՝ անապահով քաղաքացիները կցորդ սարքերով կապահովվեն՝ մինչեւ անալոգային հեռարձակման անջատումը»։

Այսինքն, կցորդ սարքեր կարող են անվճար ստանալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրանցված են Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության անապահովների ռեեստրում:

Back to top button