Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կծածանվի նաեւ Հայոց եռագույնը

arammanukyan

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանի շնորհիվ կծածանվի նաև Հայոց եռագույնը: 56 կգ քաշային հայ բռնցքամարտիկը, ով 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այս անգամ էլ ձեռնունայն չի վերադառնա:

¼  եզրափակչում Արամը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և, դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեց բրոնզե մեդալը: Բացի այդ՝ հայ բռնցքամարտիկը նվաճեց նաև Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալը, այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Եվրոպայի առաջնությունում  մեդալ նվաճելուն մոտ էին նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, սակայն նրանք ¼ եզրափակչում պարտություն կրեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Այնուհանդերձ՝ մեր երեք բռնցքամարտիկներն էլ դեռևս հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին: Քանի որ Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է աշխարհի առաջնության 6 ուղեգիր, ապա եթե մեր մարզիկներին հաղթած բռնցքամարտիկները դուրս գան եզրափակիչ, ապա մերոնք կարժանանան աշխարհի առաջնության ուղեգրի:

Եվրոպայի առաջնությունում մենք դեռ պայքարում ենք ամենաբարձր հարգի մեդալի համար: Վաղը ՝Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է:

Կարդացեք նաև
Close
Back to top button