Տնտեսական

ՓՄՁ-ների նոր բողոքի ակցիա է հասունանում

lianaeghiazaryan

Նաիրիտցիների ու ֆիրդուսցինորի բողոքները դեռ նոր հանդարտված` կառավարության շենքի բակում բողոքի նոր ակցիա է հասունանում: «Չեմ վճարելու» շարժումը հանդես է գալիս «Շրջանառության հարկի մասին» վերանայված օրենքի դեմ` հայտարարելով` հին խնդիրները չեն լուծվել, օրենքի վերանայված տարբերակը համակարգային լուծում չի տալիս փոքր ու միջին ձեռնարկատերերի խնդիրներին: Խոշոր տնտեսվարողները շարունակում են փաստաթուղթ չտրամադրել, ու դա ուղղակիորեն ծանրանում է ՓՄՁ-ի վրա, քանի որ փաստաթղթավորում չապահովող տնտեսվարողի համար շրջանառության հարկը 1 տոկոսից բարձրացվում է 5 տոկոսի:

«Չեմ վճարելու» շարժումը նախաձեռնում է բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց:  «ՓՄՁ-ները չեն ցանկանում վճարել 5% դրույքաչափ: Առհասարակ` «Շրջանառության հարկի մասին» օրենքն ընդունվել է՝ բավարարելու ոլորտային գործունեությամբ զբաղվող մի քանի ձեռնարկությունների պահանջները. համակարգային լուծում համարել այս փաստաթուղթը՝ անհնարին է։

Շարժման ներկայացուցիչ Արսեն Արզանյանը, հանդես գալով որպես ՓՄՁ ներկայացուցիչ, հայտնում է իր մտահոգությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ։ ՓՄՁ–ների համար պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջները ուժի մեջ են մտել հուլիսի 1- ից։ Եթե փաստաթղթավորումն ապահովվի տնտեսվարող սուբյեկտի կողմից, ապա գանձումը կլինի մեկ տոկոս. հակառակ դեպքում՝ վճարումը կկատարվի շրջանառության հինգ տոկոսի չափով: Բացի դրանից` որոշում կայացվեց ԱԱՀ-ի անցման նվազագույն շեմը 58 միլիոնից բարձրացնել 116 միլիոն դրամի:

Որոշումը, սակայն, հարուցել է փոքր և միջին ձեռնարկությունների տերերի դժգոհությունը: «Չեմ վճարելու» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Սևան Աղաջանյանը, ուղղակի աղետալի  որոշում է համարում ՓՄՁ-ների 3.5 տոկոս հարկային բեռի փոփոխությունը, քանի որ խոշոր տնտեսվարողները փաստաթուղթը շարունակում են չտրամադրել, արդյունքում՝ հարկը բարձրացվում է 5 տոկոսի:

Սևան Աղաջանյանն օրենքի ընդունման հիմքում այլ նպատակադրում է տեսնում:  «Մեր հանրապետությունում կան մարդիկ, որոնց խանգարում է մանր ու միջին ձեռներեցների կողմից իրականացվող մանրածախ առևտուրը, և անում են ամեն բան՝ վերացնելու այն, այլապես ինչպե՞ս հասկանալ այն հանգամանքը, որ շուկայում տաղավարից կամ սեղանիկից առևտուր իրականացնողը հավասարեցվում է խանութից առևտուր իրականացնողին»,-ասում է Աղաջանյանը:

Շարժումն իր բողոքն է արտահայտելու կառավարության շենքի դիմաց, այնուհետև նամակով դիմելու է ՀՀ վարչապետին: Ինչու են հենց հիմա որոշել բողոքել, ու արդյո՞ք ուշ չէ, երբ որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:

Սևան Աղաջանյանը նկատում է` ՓՄՁ-ն եռամսյակը մեկ է հաշվետվություն տալիս, այսնինքն՝ գրեթե բոլոր ՓՄՁ-ները սեպտեմբերից նոր են զգալու իրենց վրա այդ բեռը:

Back to top button