Վերլուծական

Հայ- իրանական տնտեսական գտնված ու կորսված հնարավորությունները

lianaeghiazaryan

Հայաստանն ավելի լայն տնտեսական հնարավորություններ ունեցող Իրանի հետ գործակցության շատ լուրջ հնարավորություն արդեն կորցրել է` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, այսօր հայտարարել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` բացատրելով` այժմ Իրան-Հայաստան սահման գոյություն չունի, կա Իրան-ԵՏՄ սահման: Այս դեպքում՝ գործակցության առնչությամբ կենտրոնական որոշումները կայացվում են ոչ Երեւանում, իսկ Իրանն ու Ռուսաստանն էլ արդեն տնտեսական տարաձայնությունների մեջ են նավթագազային դաշտում:

«Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամ Գարեգին Չուքասզյանը էլ նկատել է` Հայաստանը կարող է Իրանին առաջարկել այն, ինչ չեն կարող առաջարկել հարեւան մյուս երկրները:

Ինչ նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանին Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, որոնք պետք է լինեն մեր երկրի ձեռնարկելիք առաջին քայլերը: Այսօր այս հարցերի քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նկատեց` գուցեեւ Իրանին տնտեսական նոր լայն հնարավորությունների ընձեռումը շատ բան փոխում է տարածաշրջանում, բայց Հայաստանի սուղ հնարավորությունները չեն ավելանում:

Նոր գործակցության համար մեզ առնվազն ավելի մրցունակ տնտեսություն է պետք: Բայց Պապյանին ամեն դեպքում հույս են ներշնչում Իրան-Հայաստան տրանզիտային հնարավորությունները: Այս ուղին նա համարում է համեմատաբար ամենաանվտանգը. ավելի անվտանգ, քան Սիրիայով, ուր պատերազմ է, Ադրբեջանով, որը ղարաբաղյան պատերազմ կարող է հրահրել, կամ Թուրքիայով, որտեղ քրդական գործոն կա:

Հայաստանն այսօր գոնե երկու խոստում կարող է տալ` տարանցման համար տարածքի տրամադրում եւ ներդրումների համար գրավիչ պայմաններ: Բայց խնդիր է նաեւ այն, ասում է Պապյանը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին շատ բանից զրկեց: Այժմ Իրան-Հայաստան սահման գոյություն չունի, կա Իրան-ԵՏՄ սահման: Այս դեպքում գործակցության առնչությամբ կենտրոնական որոշումները կայացվում են ոչ Երեւանում, իսկ Իրանն ու Ռուսաստանն էլ արդեն տնտեսական տարաձայնությունների մեջ են նավթագազային դաշտում:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման 159 էջանոց պայմանագիրը վերջնականապես կսկսի կիրառվել մոտ 2-3 տարում, մինչեւ Ատոմային միջազգային կազմակերպությունը հավաստի, որ Իրանը հետեւում է պայմանագրի կետերին: Սա բավականին կարճ ժամանակ է Հայաստանի համար` տնտեսապես պատրաստ լինելու  Իրանի հետ գործակցության նոր ուղիների, կարծում է ԱՄՆ-ում գործող «Հայաստան» քաղաքական ֆորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը:

Բանախոսը լայն սպասելիքներ ունի, բայց միաժամանակ նաեւ մտահոգություններ` արդյո՞ք 10 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ով Հայաստանը բավարար տնտեսական մրցունակություն ունի 400 մլրդանոց ՀՆԱ-ով Իրանի հետ ծրագրեր իրականացնելու: Մի բան, որ հայ գործարարները հաստատ կարող են ձեռնարկել, իրանյան նավահանգիստներից օգտվելն է:

«Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամ Գարեգին Չուքասզյանը նկատում է` Իրանի հետ գործակցության շատ լուրջ հավակնություններ ունի նաեւ Ադրբեջանը` այդպիսով Հայաստանի համար լուրջ մրցակից դառնալով, քանի որ եթե Հայաստանը խոսում է նոր նախագծվող ծրագրերից, ապա Ադրբեջանն առաջարկում է գործակցության ընդլայնում արդեն առկա ենթակառուցվածքներով:

Մենք չենք օգտագործում անգամ հայ-իրանական գազային պայմանագիրը:  Հարեւանությամբ ունենալով աշխարհի հզորագույն նավթագազային տնտեսություններից մեկը` մենք գազ ենք բերում 7 սարից այն կողմից: Սրան ի հավելում՝ Արա Պապյանը նկատում է, որ իրանական գազը Հայաստանում առանց «Գազպրոմ-Արմենիայի» ենթակառուցվածքի բաշխվել չի կարող, իսկ մենք դժվար թե Իրան-Ռուսաստան ընտրության գնալու ռիսկին դիմենք:

Վերադառնալով Իրան-Հայաստան թեմային` Գարեգին Չուքասզյանը հայտարարում է` մենք կարող ենք Իրանի տեխնոլոգիական խնդիրներով զբաղվել, մեր մասնագետները դա վստահաբար կհաջողեն, կարող ենք նրանց համար կրթական կենտրոն լինել եւ որպես բեք-օֆիս ծառայել:

Ցուցադրել ավելի
Back to top button