ԿարևորՔաղաքական

Գ. Մինասյան. Առաջարկվող սահմանադրության մեջ էապես բարձրանում է քաղաքական փոքրամասնության դերակատարումը

karenghazaryan

ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը չի կիսում տեսակետը, թե Սահմանադրական բարեփոխումները բխում են այն տրամաբանությունից, համաձայն որի՝ առաջիկա 10 տարվա քաղաքական գործընթացները պետք է անցնեն Մելիք- Ադամյան փողոցով: Նա շեշտել է, որ խորհրդարանական փոքրամասնության դերակատարումը երկրի կառավարման բոլոր բնագավառներում առաջարկվող փոփոխություններով աննախադեպ մեծանում են եւ առանց քաղաքական փոքրամասնության մասնակցության լրջագույն հարցեր ուղղակի հնարավոր չի լինելու լուծել:

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները երկրի տարբեր բնագավառներում առկա խնդիրները կոնսենսուսուվ լուծելու լայն հնարավորություններ է տալիս՝ բացառելով կոնֆլիկտը:

Հանրապետական պատգամավորը շեշտեց, որ խորհրդարանական փոքրամասնության դերակատարումը առաջարկվող փոփոխություններով երկրի կառավարման բոլոր բնագավառներում աննախադեպ է մեծանում:

«Էապես մեծանում է քաղաքական փոքրամասնության դերակատարումը եւ առանց քաղաքական փոքրամասնության մասնակցության լրջագույն հարցեր ուղղակի հնարավոր չի լինելու լուծել: Ես էլ չեմ ասում, որ քաղաքացիական հասարակության դերակատարումն է մեծանում, որը ստանում է օրենսդրական նախաձեռնության իրավունք: Այս պարագայում կպահպանվի առողջ կոմպրոմիսի գաղափարը, ոչ թե՝ շանտաժի»։

Բազմաթիվ փոփոխություններ կան առաջարկվող սահմանադրության մեջ, որոնք էապես բարձրացնում են քաղաքական փոքրամասնության դերակատարումը: Սա կարեւոր հանգամանք է եւ բերելու է նոր մշակույթ քաղաքական մեծամասնության եւ քաղաքական փոքրամասնության համագործակցության առումով, կարծիք հայտնեց բանախոսը:

Գագիկ Մինասյանը չի կիսում տեսակետը, թե Սահմանադրական բարեփոխումները բխում են այն տրամաբանությունից, համաձայն որի՝ առաջիկա 10 տարվա քաղաքական գործընթացները պետք է անցնեն Մելիք Ադամյան փողոցով: «Քաղաքական մեծամասնության վերարտադրման համար եթե կա այդպիսի տեսլական, ապա գործող Սահմանադրությունը շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս, քան՝ առաջարկվողը: Այստեղ կասկած լինել չի կարող»։

Մեր քաղաքական դաշտում կոմպրոմիսները գնալով անխուսափելի են դառնում, քանի որ ակնհայտ է, որ առաջիկա տարիներին դժվար թե որեւէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ստանա: Այս առումով էլ առաջարկվող փոփոխությունները դրական նշանակություն ունեն:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական գործընթացներն առողջ կերպով առաջ մղելու հնարավորություն է եւ ոչ թե ամեն ինչին «ոչ» ասելու կարողություն: «Պետք է սովորել ավելի քաղաքակիրթ քաղաքական համակարգում իշխանության եւ ընդդիմության համագործակցության արդյունքում հասարակությունն առաջ մղելու արվեստին: Դա նոր սահմանադրությունը տալիս է»:

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները չեն կարող դառնալ խժդժությունների պատճառ: Հարցն այդ աստիճանի չի սրվի, որովհետեւ դեմ արտահայտվողները, Գագիկ Մինասյանի ձեւակերպմամբ, ըստ էության տեսնում են այն բոլոր դրական բաները, որոնք նախագիծը տալիս է քաղաքական ընդդիմության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button