Հասարակություն

Բազեկանները կրկին հավաքվում են՝ այս անգամ թագավորական զինանշանների զարդանախշերի տակ

arminegevorgyan

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցակացվելու է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքը: Այն կազմված է հայկական եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք իրենք էլ բաժանվում են 9 հոգանոց 45 ջոկատների, ներկայացնում են Երևանը, մարզերը, Արցախը, Սփյուռքը, ուսումնական հաստատությունները, լրագրողական համայնքը:

 Բազեական 7 օրերի ընթացքում համախմբվելու են 500 երիտասարդ, ովքեր մրցելու են մշակութային, մարզական, ինտելեկտուալ խաղերում, ունենալու են հանդիպումներ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ: Ի դեպ՝ այս տարի բազեականների շապիկները զարդարելու են հայկական թագավորական տոհմերի զինանշաններն ու ազգային զարդանախշերը։

Եթե ունես տաղանդ` ասենք լավ երգում ես, նկարում ես, կամ էլ լավ շախմատ ես խաղում, իսկ  տարիքդ էլ  չի գերազանցում  30-ը, ապա դու կարող ես դառնալ «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի մասնակից:

Թյուր կարիծիք կա, որ «Բազե»- ում հավաքվում են միայն երիտհանրապետականները: «Բազե» երիտասարդական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը հավաստիացնում է՝ մասնակցության հարցում քաղաքական պատկանելիությունը դեր չի խաղում, կարևորը՝ շնորհալի լինելն է։

«Մեզ մոտ մասնակցել են և հանրապետական, և դաշնակցական, և ՕԵԿ-ից և ԲՀԿ –ից  երիտասարդներ։ Եթե մարդը լավ երգում է կամ լավ պարում է, մեզ համար կապ չունի՝ նա որ կուսակցությունից է, կամ կուսակցակա՞ն է, թե՞ ոչ»։

«Բազե»-ի նորաձևության մրցույթի ժյուրիի նախագահ ոճաբան Արամ Նիկոլյանն էլ հերքեց մեկ այլ մեկնաբանություն. Այն, որ ամեն տարի «Բազե»-ում նույն մարդիկ են հավաքվում։ «Եթե նույն մարդիկ լինեին, ասեմ, որ այդքան սիրավեպեր չէին լինի, որովհետև «Բազեն» բազմաթիվ ամուսնությունների ստեղծման արդյուքն է եղել»,- ասում է։

Նկատենք, որ հավաքի գեղարվեստական ղեկավարներից Արմուշը՝ դերասան Արման Խաչատրյանը, նկատեց, որ բոլոր տարիներին մշտապես այստեղ հանդիպել է տաղանդավոր երիտասարդների: Եվ անկեղծացավ ու որոշակի գաղտնիք բացեց: «Իմ երիտասարդ մնալու գաղտնիքն է այն, որ  ես մոտենում եմ  40+ ի,  բայց իմ  ընկերները 25–ամյա երիտասարդներ են ու բազեկաններ»:

Ի դեպ՝ « Բազե 2015»-ը ներկայանալու է ինքնատիպ ոճավորմամբ։ «Բազե» լոգատիպը, բազեականների շապիկները զարդարելու են հայկական թագավորական տոհմերի զինանշաններն ու ազգային զարդանախշերը։

Նշենք, որ «Բազեն» առաջին անգամ անցկացվել է 2002-ին։ Անցած 13 տարիներին «Բազե»-ներին մասնակցել է շուրջ 8500 երիտասարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button