ՄշակույթՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության թեման՝ թատերական հետաքննության թեմա. «Մենք եւ նրանք. հետաքննություն»

arminegevorgyan

«Մենք եւ նրանք. հետաքննություն» . այսպես է կոչվում «Էդգար Էլբակյան» թատրոնի նոր ներկայացումը։ Հայոց ցեղասպանությանը նվիրված պիեսի հեղինակը Տիգրան Քելեմյանն է, ռեժիսորը՝ Արմեն Էլբակյանը: Ներկայացման առաջնախաղին ներկա էր նաեւ «Ռադիոլուրը։

1915թ-ից մինչև մեր օրերը: Բեմում  ներկայացվում է Եղեռնը վերապրածների պատմությունը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը,  ու այս օրերին իրականացվող քայլերի մի ամբողջական շղթա :

Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը անընդհատ արծարծված  այս  թեմային յուրօրինակ լուծումներ էր տվել: Ներկայացումը ինտերակտիվ էր,  հանդիսատեսը մասնակից էր դառնում ներկայացման մեջ բարձրաձայնվող  հարցերին։ Դերասանները մուտքն էլ եղավ  ոչ թե բեմից, այլ դահլիճից ու առաջին իսկ  պահից հանդիսատեսը  դարձավ ներկայացման մասնակից:

Թերևս այս թեմային վերաբերող առաջին ներկայացումն էր,որտեղ անհարկի բղավոցներ, ավելորդ պաթետիզմ, ողբ ու խղճահարություն չկա։

Հայկական թատերախումբը մեկնում է Թուրքիա՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության մասին թուրքական արխիվները: Առաջին հանդիպումը թուրք արխիվարիուսի հետ է, որի տատիկը, պարզվում է, դավանափոխ հայ է եղել, սակայն տղամարդը չի կարողանում նայել իրականության աչքերին, եւ ժխտում է, որ թուրքերը կարող էին ցեղասպանություն իրականացնել:

Սակայն թատերախումբը Սողոմոն Թեհլերյանի դատավարության միջոցով ապացուցում է թուրք արխիվարիուսին,որ եղել է ցեղասապանություն և , հանդիսատեսի աչքի առաջ անցյալն ու ներկան միախառնելով յուրօրինակ հետաքննություն է իրականացվում:

Երդվյալ ատենակալներն ընտրվում են  հանդիստեսի շարքերից:  Ի  դեպ կային դրվագներ, որտեղ  հանդիստեսն էր լուծումներ առաջարկում:  Ներկայացման ռեժիսոր  Արմեն Էլբակյանն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ  Հայոց ցեղասպանության մասին մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն ապրիլին, այլեւ յուրաքանչյուր ամիս. և  նպատակ ունենք բեմից խոսել, թե ինչպես ենք ապրել մեկ դար առաջ եւ ինչպես ենք հիմա ապրում:

«Պետք է գիտակցենք վաղվա  օրը` իմանալով, թե ովքեր են մեր հարեւան երկրները, ինչպես ենք շարունակելու հարաբերությունները: Մենք դատապարտված ենք ապրել դժվար հարեւանների հետ, պետք է կարողանանք ճիշտ ապրել: Լուծումը հենց այնպես է արված, որ ազդենք ոչ թե սրտի, այլ մտքի վրա, որովհետեւ այս թեման այնքան արծարծված է, որ կարող է վերածվել հավիտենական ողբի։ Այնինչ մեզ անհրաժեշտ է, որ դա վերածվի հավիտենական մտքի, ռացիոնալ վերաբերմունքի եւ ռացիոնալ մոտեցման»,- ասում է ռեժիսորը։

Հմայակ Ադիյանը մարմնավորում է թուրք արխիվարիուսի կերպարը:Ռադիոլուրի հետ զրույցում խոստովանեց ,որ մեծ դժվարությամբ է կարողացել կերտել  բացասական կերպար,այն էլ թուրքի: «Ռեժիսորը շատ օգնեց ինձ խաղալ այդ դերը: Ինձ համար մեծ փորձություն էր, եւ հետաքրքիր այնքանով, որ ներկայացման ավելի բացասական եւ ծանր մասն ընկել էր ինձ վրա»։

Դերասան Ստեփան Շահինյանը, ով ևս ներգրաված է այս ներկայացման մեջ, նշում է,որ  Ցեղասպանության թեման երբեք չի կարող ժամանակավրեպ լինել, քանի որ այս ներկայացումն է, այն նյութը, որ ամեն մեկիս հետ է կատարվել: Դերասանն  ասում է, որ  ներկայացումը խաղալիս անընդհատ հիշել է իր Կարապետ պապին։

«Ես Կարապետ պապիս պատմություններն եմ հիշում, ինքը պատմում էր, թե ինչպես են թուրքերը տեղահանել, քշել ու սպանել մարդկանց, եւ ինչպես է պապս 42 վերքով իրեն նետել Եփրատը, որ խեղդվի ու պրծնի դժոխքից: Ու նրան մի արաբ է փրկել»:

Պիեսի հեղինակը Տիգրան Քելեմյանն է,  օգտվել է տարբեր աղբյուրներից ու փաստաթղթերից։ Ասում է,որ թատերախմբի Թուրքիայում հայտնվելը հնարված իրավիճակ է, ինչը բեմում այս թեմայի մասին բարձրաձայնելու իրենց լուծումն էր, դրա համար էլ կոչվում է հետաքննություն: Դերասանուհի Աննա Էլբակյանը,ով  ներկայացաման մեջ մարմնավորել է  թատերախմբի գեղարվեստական ղեկավարի կերպարը,ասում է,որ այն  իմաստուն հայուհու հավաքական կերպար է: «Ներկայացումն այնպես է կառուցված, որ ազդի ոչ թե հույզերի, այլ մտքի վրա»»:

Ցուցադրել ավելի
Back to top button