Հասարակություն

Խմել շատ, ուտել չափավոր. բժշկի խորհուրդները

lianaeghiazaryan

Լրատվամիջոցներն այս ամառ տարատեսակ, ընդ որում` զանգվածային թունավորումների մասին լուրերի պակաս, ցավոք, չունեն: Սննդաբաններն ամեն առիթով հիշեցնում են իրենց զգուշացումները`շոգ է, ու ամենաանվնաս թվացող սննդատեսակներն էլ կարող են թունավորում առաջացնել: Աղեստամոքսային խանգարումներ կարող է առաջացնել նաեւ այս կամ այն սննդատեսակի ոչ ճիշտ համադրումը: Գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է` թունավորումներից խուսափելու համար նախ պետք է հասկանալ` ինչ ենք գնում և ինչ պատրաստում:

Անսահամանափակ ջուր ու օրական 4-5 անգամ թեթեւ չափաբաժնով թեթեւ սնունդ. գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանն ամառային սննդակարգին առնչվող առաջին խորհուրդը հենց այսպես է ձեւակերպում ու անցնում զգուշացումներին:

Կարտոֆիլ և ձու պարունակող աղցանները մեկ օրվա ընթացքում կարող են սուր թունավորման պատճառ դառնալ, ուստի նախընտրելի է մեկ օրից ավելի չպահել: Ճաշը պատրաստել մեկ օրվա համար: Հավկիթը ևս առաջացնում է թունավորում, ցանկալի է ուտել լավ խաշած տարբերակով, իսկ եփելուց առաջ հավկիթը լավ լվանալ, ցանկալի է նույնիսկ օճառաջրով:

Այս շոգ եղանակին խուսափեք նաև ձկնամթերք օգտագործելուց, իսկ դրանց պահածոյացված տարբերակներից ընդհանրապես հրաժարվեք: Որեւէ գրագետ ծնող իր երեխային նրբերշիկ չի առաջարկում, իսկ դրսում պատրաստվող հոթ-դոգերի ու շաուրմաների մասին ընդհանրապես պետք է մոռանալ. հորդորում է մասնագետը:

Աղեստամոքսային խանգարումներ կարող է առաջացնել նաեւ այս կամ այն սննդատեսակի ոչ ճիշտ համադրումը: Օրինակ` կաթնամրգային կոկտեյլի բաղադրամասերն իրար հետ ամենեւին համադրելի չեն, չի կարելի, այնինչ այս եղանակին շատ հաճախ հենց նման կոկտեյլներ են առաջարկվում: «Չջրազրկվելու համար ընդունել շատ հեղուկներ, քանի որ քրտնքի հետ կորցնում ենք ոչ միայն հեղուկ, այլև աղեր, ուստի խորհուրդ կտամ հանքային ջուր էլ օգտագործել»:

Անցել են այն ժամանակները, երբ անվերապահորեն խորհուրդ էր տրվում բանջարեղեն ու կաթնամթերք օգտագործել: Կաթնամթերքի արտադրության ժամանակ հիգիենիկ պայմանների խախտման հետեւանքների մասին ամեն օր ենք խոսում ու լսում: Այս ամառ տարատեսակ, ընդ որում` զանգվածային թունավորումների մասին լուրերի պակաս, ցավոք, չկա` սկսած մանկապարտեզներից, շարունակած սննդի օբյեկտներով ու վերջացրած ճամբարներով:

Արտադրության ու պահպանման նորմերի խախտումներին զուգահեռ՝ ռիսկային է նաեւ տարատեսակ սննդային հավելումների կիրառումը: Ամենահաճախը խորհուրդ տրվող պտուղ-բանջարեղենն էլ այնքան շատ է պարարտացվում քիմիական նյութերով, որ այստեղ էլ է զգուշավորության կոչ արվում: Գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանը զգուշացնում է՝ ձմերուկի թունավորումների շատ դեպքեր են գանցվում, դրանցից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ կեղևը լավ լվանալ հոսող ջրի տակ, և կեղևից 3 սմ բարձր կտրել, քանի որ դրա մեջ պարունակվում են նիտրատներ:

Ձմերուկի դիետաներ չպահել: Հաճախ ձմերուկը լինում է արհեստական աճեցված, ուստի հղի կանանց և երեխաներին խորհուրդ է տրվում շատ չօգտագործել։

Եւ, ի վերջո, ամենատարրական թվացող, բայց ամենահաճախը չպահպանվող խորհուրդներ` գնվող մթերքի ժամկետը պետք է անպայման ստուգել: Կաթնամթերքը պետք է հնարավորինս թարմ լինի: Մի գնեք սառնարանում չվաճառվող յոգուրտներ, ուշադիր եղեք նաև բաց սառնարաններից դրանք գնելու ժամանակ:

Դրսում վաճառվող մսամթերք ընդհանրապես չգնել: Երեխաներին ցանկալի է չառաջարկել մսամթերք և կիսաֆաբրիկատներ, զգուշանալ պաղպաղակից, քանի որ այն մի անգամ հալչել-սառչելուց հետո կարող է մանրէների օջախ դառնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button