Քաղաքական

Իրաքի Քուրդիստանը ձգտում է դուրս մղել եզդիներին, ասում է «Սինջարի» նախագահը

karenghazaryan

Հայաստանի սահմանադրական բարեփոխումներով կան ազգային փոքրամասնություններին վերաբերող կետեր, որոնք առաջին անգամ են ներգրավվելու Հայաստանի Սահմանադրության մեջ:  «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազիի համոզմամբ՝ այդ դրույթները ազգային փոքրամասնություններին կարող են տալ հնարավորություն՝ խորհրդարանին մաս կազմել եւ իրենց խնդիրները ներկայացնել: «Նոյոն տապան» մամուլի սրահում լրագրողների հետ այսօրվա հանդիպման հիմնական թեման, սակայն, եղել է Շանգալից եզդի փախստականների խնդիրները:

Հուլիսի 30-ին եզդի փախստական երեք ընտանիք է եկել Հայաստան: Տեղեկացնելով սրա մասին՝ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին այսօր ասաց, որ իրենք այդ ընտանիքներին ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հայաստանը ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների համար անվտանգ վայր է: «Արդեն իսկ դիմել ենք միգրացիոն ծառայությանը, որ այդ մարդկանց ճանաչեն որպես փախստական եւ տան ապաստանի իրավունք»,- ասում է:

Եզդի փախստականները Հայաստան են եկել Իրբիլ- Երեւան չվերթով՝ վիզաներ ստանալով Իրաքի Քուրդիստանի հյուպատոսությունից: Հայաստան հասած եզդի երեք ընտանիքները բացի նյութական կորուստներից, ունեցել են նաեւ մարդկային կորուստներ՝ երկու աղջիկ, մեկ տղամարդ սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից:

Հայաստան հասած եզդի փախստական Թարիկ Ղանըմն ասաց, որ այն, ինչ տեղի է ունեցել Շանգալում, առաջին հերթին ձեռնտու է սյունի արաբներին, քանի որ ԻՊ-ին միացել են նաեւ իրենց երբեմնի հարեւան արաբները:

Իրաքյան Քուրդիստանում գտնվող եզդի փախստականների վիճակը նույնպես բավականին բարդ է: Ինքնավար Քուրդիստանը եզդիներին օգնություն չի տրամադրում: Հենց սա էլ խոսում է նրա մասին, որ քրդերը նույնպես ձգտում են Իրաքի տարածքից դուրս մղել եզդիներին, նաեւ՝ քարոզչություն իրականացնելով, որ Եվրոպայում նրանք ավելի լավ պայմաններ կգտնեն:

Մարդկանց տեխափոխումն էլ դարձել է բիզնես ոմանց համար, տեղեկացրին բանախոսները: Բորիս Մուրազին նշեց, որ միջազգային հանրությունը սխալ ուղղությամբ է փորձում օգնել եզդիներին:

Հայաստան հասած եզդի փախստականների կացարանի եւ պարենի պատասխանատու Համլետ Սմոյանը տեղեկացրեց, որ եզդի փախստականների ընտանիքներն այժմ գտնվում են Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Երեք ընտանիքն էլ առայժմ ապրում է մեկ տան մեջ: Իրենց կազմակերպությունը փորձել է ապահովել այդ ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարագաներով եւ սննդով:

«Լուծված է սննդի 10-15 օրվա պահանջը: Այժմ փորձում ենք նրանց համար տան հարց լուծել՝ փոխադրելով եզդիական գյուղերից որեւէ մեկը, որտեղ շփումը  հնարավոր կլինի։ Դրանով իսկ ապրելն էլ՝ ավելի հարմար կլինի, քանի որ նրանք հայերեն չգիտեն»:

Եզդի փախստական ընտանիքները Հայաստանում պատրաստ են ապրել այնքան ժամանակ, մինչեւ ազատագրվի Շանգալը: Հույս ունեն, որ կվերադառնան իրենց տները: Մինչ այդ՝ բանախոսները կարեւորեցին պետության վերաբերմունքը, որ նրանք կարողանան զբաղվել կամ գյուղատնտեսությամբ, կամ անասնապահությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button