ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսական բարի տարին եւ գնաճի լավատեսական ցուցանիշերը

lianaeghiazaryan

2015թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 4.6% գնանկմամբ: Հայրենի վիճակագիրներն այս տարի գնաճի լավատեսական ցուցանիշեր ներկայացնելու հիմքեր ունեն. Բարեհաճ գյուղատնտեսական տարում միրգ- բանջարեղենի ապրանքախմբում որոշ տեսակներ անգամ կրկնակի գնանկում են ունեցել: Բայց ընդհանուր գնանկման ֆոնին հանրապետությունում նաեւ գնաճի միտումներ կան:

Այս տարվա հունվարին արձանագրված 2.5% բարձր գնաճից հետո փետրվարից սկսած առ այսօր հանրապետությունում գրանցվում է գների անկում։ Վիճակագիրների արձանագրած ցուցանիշերն այսօր փոխանցեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Ընդ որում, ըստ նրա, եթե գարնանային ամիսներին ամսական գնանկումը 0.1-0.5%-ի սահմաններում էր, ապա արդեն ամառային ամիսներին ավելի խորը գնանկում է արձանագրվել՝ հունիսին մայիսի համեմատ 1.4%-ով, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ՝  2.2%-ով է էժանացում արձանագրվել, ասաց նա։

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա 7 ամիսներին գնանկումը կազմել է 2.2%: Գուրգեն Մարտիրոսյանն առանձնացրեց նաեւ պարենային ու ոչ պարենային ապրանքախմբերի գների փոփոխությունները: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, էժանացել են 6.4 տոկոսով, այնինչ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3.3% գնաճ, մոտ 1 տոկոսով էլ թանկացել են ծառայությունների սակագները:

Գյուղատնտեսական այս տարվա բարենպաստ լինելը միանգամից արձանագրվել է հանրապետության մրգի ու բանջարեղենի շուկայում`ընդհանուր առմամբ գնանկման պատկեր ստեղծելով: Այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունեն 8.9% տեսակարար կշիռ եւ նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.53 տոկոսային կետով:

Ամենախորը գնանկումը հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է միրգ ապրանքախմբում՝ 29.1%, բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբում գնանկումը կազմել է 10.7%, ձվի գնի նվազել են 5.3%-ով։ Գնանկում է արձանագրվել նաև հացամթերքի ապրանքախմբում, իհարկե, փոքր չափով` 0.3%-ով, մսամթերքի ապրանքախմբում՝ 0.7%, ձկնամթերք՝ 0.4%, կենդանական ու բուսական յուղի գները նվազել են 0.2%–ով, շաքարավազինը՝ 2.5%։

Գնաճ է արձանագրվել հրուշակեղենի ապրանքախմբում՝ 0.3%, անփոփոխ են մնացել ոչ ոգելից խմիչքի գները, ասաց Գուրգեն Մարտիրոսյանը։ Միայն հուլիսին հունիսի համեմատ ձմերուկի գինը նվազել է 66.9%-ով, ծիրանինը՝ 63.5%-ով, խնձորինը՝ 43.8%-ով, կեռասինը՝ 26.2%-ով, նարնջինը՝ 4.9%-ով։

Վիճակագիրները հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցել է 0.7% գնանկում, ինչը պայմանավորում են կոշկեղենի 4.3%, հագուստի և գործվածքի 3.1%, վառելիքի`1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների ու ոսկերչական ապրանքների 0.7% գնանկմամբ:

Դեղամիջոցներ, կահույք, տեքստիլ, շինանյութ. սրանց գները գրեթե անփոփոխ են: 2015թ. հուլիսին անցյալ հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են 8.7% և 8.1%-ով: Մարիտրոսյանը փոխանցում է իրենց մեկ այլ դիտարկում էլ` որոշակիորեն թանկացել են հանգստի կազմակերպման, բուժսպասարկման, իրավական ու բանկային ծառայությունները թանկացել են 1.3%- ով։

Բնակարանային-կոմունալ, կապի, հանրային սննդի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Ուշագրավ է, որ վիճակագիրները տրանսպորտի սակագնի 1.9% անկում էլ են նկատել, թե որտեղ՝ դժվար է ասել:

Ցուցադրել ավելի
Back to top button