ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզպետն իր որդու կալանավորումն անօրինական է համարում

lianaeghiazaryan

Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի հետևանքով Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրներին վնասվածքներ հասցնելու գործին իր որդու մասնակցության ու նրա մեղավորության մասին:

Հարցին, թե իր որդին ձերբակալվել է` հակառակ սեփական հայտարարությանը, որ նա մեղավոր չէ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է` քննությունը գնում է, կապացուցվի:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Խաչատրյանի որդին հոգեկան առողջության խնդիրներ ունի եւ զինծառայությունից ազատվել է չափավոր արտահայտված նևրաստենիա ախտորոշման պատճառով, որը տվել է պաշտպանության նախարարության ռազմական բժշկական հանձնաժողովը, Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է` իր որդին ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի: «Անկեղծ որ խոսենք, այս ձերբակալությունն անօրինական էր, ճիշտ չէր, որովհետեւ իսկապես ինքը տեղյակ չէր: Իսկ ես ձեզ իմ հրաժարականով չեմ ուրախացնի»,-լրագրողներին ասել է Սյունիքի մարզպետը:

«Բանակից տարկետման իրավունքը ստացել է բռնվելուց հետո, ցնցումների մեջ էր, 3 ամիս ձերբակալված էր: Դրանից հետո դատաքննություն էր գնում, իրեն չէին կարող ձերբակալել: Դատաքննությունը ընթանում է, ընթացքի մասին բոլորիս տեղյակ կպահվի»:

Ինչու դեպքից երկու ամիս անց որոշվեց ձերբակալել Տիգրան Խաչատրյանին: Այս առումով Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է հետեւյալը. «Ես էլ չեմ կարող հասկանալ, այս ձերբակալությունն, անկեղծ որ խոսենք, անօրինական էր, ճիշտ չէր, որովհետեւ իսկապես ինքը տեղյակ չէր: Ամեն դեպքում՝ խնդիր չեմ տեսնում, քննությունը կգնա իր արդար ճանապարհով,լ ուծումը կստանա: Իրավապահ մարմիններն իրենց գործն են անում, չեմ կարող ասել, որ մեկնումեկի թիկունքին պետք է կանգնի: Դատաքննությունը կորոշի»:

Հիշեցնենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի հետևանքով ստացած վնասվածքներից Հարություն Զաքարյանի մեկ աչքը այժմ չի տեսնում, նա, ըստ որոշ տեղեկությունների, հինգ անգամ վիրահատվել է: Զաքարյան եղբայրները ճանաչվել էին տուժող:

Գործով բացի Տիգրան Խաչատրյանից մեղադրյալներ են նաև 6 անձինք, որոնցից մեկը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է` Աղալարը, իսկ մյուսը նրա որդին` Մայիս Խաչատրյանը: Վերջինը, ի դեպ, հետախուզման մեջ է: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգքրի 112 հոդվածի հատկանիշներով` մարմնական ծանր վնաս հասցնելը։

Սուրիկ Խաչատրյան. Լոռիի մարզպետ

Ցուցադրել ավելի
Back to top button