«Աքիլլեսը» պետական մարմիններից ոչ թե նամակներ, այլ՝ գործնական քայլեր է ակնկալում


«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը ԵԱՀԿ աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում անցկացնում է մշտադիտարկում՝ հայտնաբերելու երթևեկության կազմակերպման թերությունները և համապատասխան գրություններով հետևում դրանց շտկումներին: Թեև իրենց մտահոգությունների մասին հասարակական կազմակերպությունը ստացել է պատասխաններ, սակայն այն չի գոհացրել կենտրոնի նախագահ Էդուրդ Հովհաննիսյանին, նա պահանջում է գործնական քայլեր:
Ավտովարորդների իրավունքների պաշտպանը խոսել է նաև արագաչափերի և շարժական տեսանկարահանող սարքերի առավելությունների ու թերությունների մասին՝ նշելով, որ դրանց տեղադրումը ճիշտ է, սակայն հակասում է կառավարության որոշումներին:
2012 թվականից ՀՀ-ում սկսվեցին երթևեկության վերահսկողության և իրավախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները, որոնք պետք է նվազեցնեին նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն վերջերս ոստիկանությունը հրապարակեց այս տարվա պատահարների թվերը, որոնք նախորդ տարիների հետ համեմատելով աճել են:
«Աքիլլես» ավտովարարոդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ պատահարների թիվն աճել է ոչ թե վերոնշյալ սարքերի տեղադրման պատճառով, այլ ապահովագրական համակարգի ներդրումից հետո դեպքերը սկսել են արձանագրվել:
Ավտովարորդների իրավունքների պաշտպանը տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրումը համարում է ճիշտ, սակայն կարծում, որ նախևառաջ պետք է կազմակերպվել ճիշտ երթևեկություն, ապա նոր տեղադրել սարքեր: Նման դեպքերում էլ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր, ասում է Էդուարդ Հովհաննիսյանը և հիշատակում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվեցիան, որտեղ նշվում է, որ վարչական ու պետական մարմինների կողմից օրենքի խախտումները պարունակում են կոռուպցիոն ռիսկեր:
Եթե տեղադրվում են արագությունը սահմանող նշաններ և արագաչափեր, ապա դրանք պետք է դրվեն օրենքի սահմաններին համապատասխան, ասում է ավտովարորդների իրավունքների պաշտպանը և նշում, որ կառավարության համապատասխան որոշումների պահանջները խախտելով են տեղադրվել այդ սարքերը և որոշ նշաններ:
Արդեն երեք ամիս է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը ԵԱՀԿ աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում անցկացնում է մշտադիտարկում՝ հայտնաբերելու երթևեկության կազմակերպման թերությունները և համապատասխան գրություններով հետևում դրանց շտկումներին: Թեև իրենց մտահոգությունների մասին հասարակական կազմակերպությունը ստացել է պատասխաններ, սակայն դրանիք նրան չեն բավարարել։ «Մեր գրած գրեթե 30 նամակներին, որոնց վերաբերյալ ստացել ենք պատասխաններ, թե ճանապարհային ոստիկանությունը, թե՛ քաղաքապետարանն ընդունում են, որ դրանք թերություններ են, որոնք պետք է շտկվեն: Սակայն պատասխանները կրում են «կանենք», «կտեղադրենք», «կգծենք» բնույթ: Սա մեզ չի բավականացնում, մեզ պետք են գործնական քայլեր»:
Էդուարդ Հովհաննիսյանը, սակայն, դժգոհում է, որ մեկ հարցի շուրջ պատասխանում են երկու կառույցներ՝ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տրանսպորտի նախարարությունը: Եվ այս դեպքում էլ չեն կարողանում հասկանալ, թե նշանների տեղադրումը, երթևեկությունը կազմակերպելն ու այլ հարցեր ում լիազորությունների մեջ են: Կառույցները մեկը մյուսի վրա են գցում: Կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել անկախ կառույց, որը կզբաղվի ոստիկանության լիազորությունների մեջ չմտնող հարցերով:
Սերբիայում արդեն նման մի կառույց գործում է, որի արդյունքում ավտոպատահարների դեպքերը նվազել են: Այնտեղ տուգանվում են նաև օրինազանց ավտոտեսուչները:
Իսկ սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով կիրառվող շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ էլ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը կիսում է ոստիկանության կարծիքը: «Դուք երթևեկեք կանոններով, մի՛ գերազանցեք արագությունը։ Գրած է, որ բնակավայրերից դուրս երթևեկեք 90 կմ արագություն, ուրեմն այդքան էլ գնացեք, և 100 հատ արագաչափ էլ դնեն՝ չեք տուգանվի»։