Հասարակություն

Ոստիկանը կեղծել է արձանագրությունը

Քաղաքացի Արամայիս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 23-ին իր կողմից ինքնավնասում կատարելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ հիշյալ արարքը կատարել է ոստիկանության աշխատակիցների կողմից անհիմն հետապնդվելու պատճառով:

Իր հայտնած տեղեկությունները բացատրության վերածելու նպատակով ոստիկանության աշխատակցի ուղղորդմամբ ստորագրել է չլրացված ձևաթղթի տակ, սակայն հետագայում պարզել է, որ իր կողմից ինքնավնասում կատարելու հանգամանքների վերաբերյալ կազմված արձանագրության մեջ ոստիկանության ծառայողը մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքնավնասումը կատարել է սոցիալական ծանր պայմաններից դրդված:

Քաղաքացի Արամայիս Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button