Հասարակություն

Արեւադաշտում կա խողովակը, ջրաչափը, բայց՝ ոչ ջուրը

«Խմելաջուր չունենք, առնում ենք, վերևի թաղամասում ջուր էլ կա, գազ էլ, ասում են եզդիների թաղամաս ա, տիրություն չեն անում»,- Արևադաշտի բնակիչ Շիրին Աբասյանը նեղսրտում է իրենց թաղամասի անտեսված վիճակից: Իր բնորոշմամբ՝ «եզդների մայլայում» շուրջ 10 առանձնատուն կա, որից ինը  եզդիներնն է:  Կենսական անհրաժեշտության խմելաջրի խնդիրն առաջնային է,  որի բարելավման աշխատանքները սկսել և չեն ավարտել:

Եզդիների թաղամասի բնակիչները ստիպված են վերևի թաղամասերից ջուրը կրել ինքնաշեն սայլակներով, տեղափոխում են մինչև 100 լիտր:  Ավելի հաճախ էլ  խմելու ջուրը բերում են հարևան գյուղի հարազատների տներից և  ամբողջությամբ  սպառում է 4-5 ժամում։

Եզդի բնակիչների մատնանշած վերևի թաղամասում փորձեցինք փնտրել գյուղամեջը, որտեղ սովորաբար  հավաքվում են գյուղացիները, սակայն այդպես էլ չգտանք՝ դաշտերում էին: Գյուղապետարանի շենքն էլ ավելի զարմացրեց, քանի որ ոչնչով չէր տարբերվում հանրակացարանից: Գյուղապետարան կոչվող երկհարկանի  շենքում  ոչ ցուցանակ կար, ոչ էլ  պետական խորհրդանիշ եռագույնը, որը սովորաբար ծածանվում է համայնքապետարանների տանիքին: Գյուղապետարանում հանդիպեցինք 2 աշխատակցի, որոնք պատմեցին խմելաջրի ծրագրերի իրականացման մասին. «Բետոնե խողովակները բերել են ջրաչափերի համար, փորած, ջրի խողովակներնէլ անցկացված են, քիչ բան է մնացել անելու»,- ասում են:

Արևադաշտում խմելու ջուրը մատակարարում են օրական 1-2 ժամ՝ դաշտից տունդարձի ճանապարհին պատմեց Արմեն Սարգսյանը, ով մտահոգված էր իրենց թաղամասի ոչ միայն խմելու, այլև՝ ոռոգման ջրով:   Փռված լինելով բլրի վրա՝ գյուղի մի մասում ոռոգման ջուր կա, վերևի մասում՝ ոչ:  Արմեն Սարգսյանը  դժգոհում է, որ իր տնամերձը չոր ու ցամաք է, ոչ ծառ ունի, ոչ էլ՝ կանաչ. «Հարազատներս երբ գալիս են՝ ամաչում եմ, որ մտնեն գյուղ, գան մեր տուն»:

Չնայած դժվարին պայմաններին Արմեն Սարգսյանը չի ցանկանում հեռանալ իր բնակավայրից, աշխատում է ֆերմերի մոտ, ինչպես շատ գյուղացիներ, և պահում ընտանիքը՝ հույս ունենալով մի օր  կանաչ և փոքր-ինչ բարելավված տեսնել  իրենց բնակավայրը, որտեղից մարդիկ չեն արտագաղթի:

Ցուցադրել ավելի
Back to top button