Տնտեսական

Այս տարի ոռոգման համակարգի վերանորոգման համար տրամադրվել է 800 մլն դրամ, ՋՕԸ-ներին՝ 5,2մլրդ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրապետությունում 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, զեկուցելով 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման աշխատանքների մասին, նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թ. ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների խողովակաշարերի նորացման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. ՋՕԸ-երին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամ:

Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 մլն մ3՝ նախորդ տարվա 216.121 մլն մ3ի համեմատ: 80 կետերում տեղադրվել է ժամանակակից ջրաչափ, որոնց շահագործումը թույլ կտա ամենօրյա առցանց հսկողության տակ ունենալ այդ կետերում ջրաքանակների հոսքը: Առավել մեծ ջրապահանջարկ ունեցող ՋՕԸ-երում անցկացված գիշերային ոռոգման ստուգման արդյունքները ցույց են տվել, որ գիշերային ջրամատակարարումն իրականացվում է պատշաճ մակարդակով համապատասխան մասնագետների և աշխատակիցների մասնակցությամբ: Ձեռնարկվել են նաև կազմակերպչական միջոցառումներ՝ ՀՀ ջրտնտպետկոմիտեում ՋՕԸ-երին աջակցող խմբի ձևավորում, ջրերի հաշվառման SKADA համակարգի ներդրման 80 դիտակետի կառուցում, LOKATOR համակարգով ՋՕԸ-երի ծանր տեխնիկայի աշխատանքի հսկողություն և համակարգում, ՋՕԸ-երի աշխատանքի և կառուցվածքային  խնդիրների վերլուծություն և այլն:

Արամ Հարությունյանը նշել է, որ ՀՀ 70 համայնք ունի գերնորմատիվային ջրապահանջարկ, ինչը պայմանավորված է մշակովի ցանքատարածությունների ծավալի ավելացմամբ:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը ՋՕԸ-երի տնօրեններից հետաքրքրվել է ջրամատակարարման արդյունավետությամբ, վճարների հավաքագրման ծավալով և հանձնարարել պատշաճ կազմակերպել ջրամատակարարման գործընթացը.  «Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է.  առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ», — եզրափակել է կառավարության ղեկավարը:

Արամ Հարությունյանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջրամբարաշինության ոլորտում ձեռնարկվող քայլերը և զեկուցել միջազգային մի շարք կազմակերպությունների աջակցությամբ Վեդու, Կապսի, Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ու վերակառուցման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում Հայաստանը լուրջ ջրային պաշարներ կունենա, ինչն էլ կնպաստի ոռոգման սեզոնին ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button