Հասարակություն

Սկսվել է 2016-25 թթ կրթության զարգացման պետական ծրագրի մշակումը

arminegevorgyan

«Այս տարվա հիմնական գերակայությունը  և ամենակարևոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ»,- այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարը նշել է, որ այն «ահռելի քաղաքական և ռազմավարական կարևորություն ունի» և, համոզված է, որ «լայն հասարակական հնչեղություն կունենա և կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը»։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ ծրագիրը կդառնա հանրապետության կրթության քաղաքականության հիմնական փաստաթուղթը:

Կրթության քաղաքականությունը պայմանավորված է լինելու  հենց այս ծրագրով,հետևաբար այս  փաստաթղթից էլ բխելու են մնացած բոլոր ենթածրագրերը։ Որպեսզի ծրագրի մշակումն ավելի արդյունավետ լինի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն ասում է,որ իրականացվելու  են   փորձագիտական հարցումներ, հարցազրույցներ՝ համակողմանիորեն պատկերացնելու կրթական դաշտի խնդիրները: Ու որպեսզի բացահայտվեն գոյություն ունեցող խնդիրները,  նախանշվեն նպատակները,   կազմակերպվելու են ֆոկուս խմբային հանդիպում-քննարկումներ տարբեր ոլորտների մասնագետների թե՛ լրագրողների, թե՛ բուհական մասնագետների, թե ՛ երիտասարդ գիտնականների հետ: «Երբ հետագայում ծրագիրը ներկայացվի՝ բոլոր ոլորտների ներկայացուցիչները դրանում կտեսնեն նաև իրենց կարծիքները։ Սա անհրաժեշտ է, քանի որ նպատակ կա ստեղծելու ծրագիր, որը, նախանշելու է մոտակա տասը տարիների քաղաքականությունը կրթության ոլորտում»,- ասում է ԿՏԱԿ տնօրենը։

Ծրագրում ներկայացված կլինեն հիմնական խնդիրները՝ կրթության մատչելիություն, որակ, արդյունավետություն, կառավարում, ինչպես նաև առանցքային են լինելու երեխայի իրավունքները, պաշտպանվածությունը, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման խնդիրները և այլն:

Ի դեպ՝ կրթության պետական զարգացման նոր ծրագրում կներկայացվի նաև կրթության համակարգի գնահատականը, որտեղ նախանշված կլինեն  թե նախորդ հինգ տարիների ընթացքում կրթության ոլորտի ձեռքբերումները, թե հիմնական խնդիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button