Քաղաքական

Հայաստանի խնդիրը կառավարման համակարգի մեջ չէ. կրկին սահմանադրական փոփոխությունների մասին

karenghazaryan

Սահմանադրական բարեփոխումները տնտեսական մոնոպոլիան պահելու քաղաքական խնդիր է լուծում,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ ներկայիս համակարգով երկրում որեւէ բան չի փոխվելու, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Արամ Սարգսյանը կողմ է խորհրդարանական կառավարմանը, սակայն, ոչ այն ձեւով, ինչպես առաջարկվում են սահմանադրական բարեփոխումների արդեն հրապարակված դրույթներում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունն իր ձեւակերպումներով, դրանց երկիմաստությամբ ու բազմիմաստությամբ միտված է մարդու իրավունքների սահմանափակումներին, ինչը հիշատակված է նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ:

«Խոսվում է այն մասին, որ նոր Սահմանադրությունը չի պատճառաբանում խնդիրը, թե ինչն է Հայաստանի քաղաքական կյանքում փոխվելու, եթե անցում կատարենք խորհրդարանական կառավարման: Ներկա պահին Հայաստանի խնդիրները, իսկապես, ոչ թե Սահմանադրության բնույթի, այլ Սահմանադրության կիրարկման ձեւույթի մեջ է: Մենք ունեցել ենք Սահմանադրության փոփոխություններ, բայց որեւէ առումով դա չի անդրադարձել երկրում ժողովրդավարության բարելավման, սոցիալ-տնտեսական կյանքի բարգավաճման, տնտեսական մենաշնորհների վերացման վրա: Այսինքն, մենք որեւէ անգամ Սահմանադրություն-ներքին քաղաքական-արտաքին քաղաքական իրավիճակ կապ չենք տեսել եւ չենք էլ կարող տեսնել»,- ասում է Սեդրակյանը։

Ըստ բանախոսի՝ սահմանափակվում են նաեւ այն քաղաքական ուժերի իրավունքներն ու հնարավորությունները, որոնք մեծամասնություն չեն եւ չեն տիրապետում տնտեսական ու քաղաքական լծակների: Առաջարկվող փոփոխություններով, իբր, քաղաքական պայքարի հնարավորություն է տրվում, միաժամանակ, սակայն, փակում է այդ պայքարի բոլոր ուղիները, ասաց նա:

«Մենք տեսնում ենք բազմաթիվ խոչընդոտներ այդ քաղաքական պայքարի ճանապարհին, որտեղ ուղղակի քաղաքական ընդդիմությունը զրկվում է եղած շանսից, եթե ուղիղ ընտրություն է: Երբ խոսվում է այն մասին, որ մենք խորհրդարանական ընտրություն ենք անում, առաջին քայլը գոնե պետք է լիներ այն, որ ընդդիմադիր կուսակցությունների համար, գոնե, նվազեցվեր խորհրդարան անցնելու տոկոսային շեմը»,- նշում է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը՝  եզրակացնելով. սահմանադրական փոփոխությունները միտված են համակարգի վերարտադրությանը։

Անդրադառնալով գնահատականներին, որ սահմանադրական բարեփոխումները ծառայելու են իշխանության վերարտադրությանը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դա հնարավոր է ցանկացած համակարգի ժամանակ՝ կախված քաղաքացիական հասարակության դիմադրության պոտենցիալից: «Այնպես որ՝ ես Սահմանադրության հետ որեւէ լուրջ բան չեմ կապում, որովհետեւ եթե ցանկություն կա երկիրը դարձնել ժողովրդավարական, սոցիալական արդարության սկզբունքին համապատասխան երկիր, կարվի: Սահմանադրությունն այստեղ որեւէ մեկին չի կաշկանդում»:

Ներքին քաղաքական իրավիճակի տեսանկյունից  լուրջ համակարգային փոփոխություն պետք է, ասաց բանախոսը: Արամ Սարգսյանի խոսքով՝ իրենք կողմ են խորհրդարանական կառավարմանը, բայց ոչ այն ձեւով, ինչպես ներկայացված է սահմանադրական բարեփոխումների հրապարակված դրույթներում:

Այսօր հրապարակվելու է սահմանադրական բարեփոխումների ամբողջական տեքստը: Դեմկուսի ղեկավարը դրան ծանոթանալուց հետո վերջնական տեսակետներ կհայտնի: Մինչ այդ՝ կարծում է, որ այն, ինչ հրապարակվել է քննարկելու ենթակա չէ, քանի որ անհեթեթություններ, անճշտություններ ու բազմակի սխալներ կան: Դեմկուսի ղեկավարի փոխանցմամբ՝ իրեն հասած տեղեկություններով ամբողջական փաթեթի վրա որոշակի աշխատանքներ տարվել են:

«Մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարմանը, բայց դրա հետ մեկտեղ այս պահին գտնում ենք, որ որեւէ բան չէր խանգարում այս իշխանություններին երկրում այնպիսի իրավիճակ ձեւավորել, որպեսզի այսօրվա դժգոհությունը չլիներ, որ չլիներ արտագաղթի պատճառ եւ այլն»:

Հազարավոր ներքին խնդիրներ կան, որոնք չեն լուծվում եւ դա ոչ մի կապ չունի սահմանադրական բարեփոխումների հետ, հավելեց դեմկուսի ղեկավարը: Նրա խոսքով՝ ամենագլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ այն, ինչ ասվում է, չմնա թղթի վրա: Եթե կեղծիքն ու կաշառքը լինելու են համակարգի մեջ, ապա որեւէ տարբերություն չկա խորհրդարանական կառավարում է, թե՝ նախագահական կամ կիսանախագահական,  եզրափակեց դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button